Մատչելի հղումներ

Զանգվածային նոր սպանություն` ԱՄՆ-ում


ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգում չորս մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են Թուլսա քաղաքի հիվանդանոցային համալիրի դեմ իրականացված հրազենային հարձակման արդյունքում: Ըստ ոստիկանության հայտնած տվյալների, հարձակումն իրականացվել է չորեքշաբթի ուշ երեկոյան:

Տեղ հասած ոստիկանները շենքում առաջ են շարժվել կրակոցների ձայնի ուղղությամբ: Ոստիկաններն ասել են, թե սպանվել է նաեւ հարձակվողը, որն ըստ երեւույթին կրակել է ինքն իրեն:

Ոստիկանությունը դեռեւս չունի չափահաս տղամարդու կողմից այս հարձակումն իրականացնելու դրդապատճառների մասին տեղեկություններ:

Այս զանգվածային սպանությունը լրացնում է ԱՄՆ-ում ավելի հաճախակի դարձող զանգվածային սպանությունների շարքը: Մի քանի օր առաջ էր, որ տասնութամյա մի անչափահաս Թեքսաս նահանգի տարրական դպրոցներից մեկում սպանեց 19 դպրոցականների և երկու ուսուցչի:

Երդվյալ ատենակալների դատարանն էլ հինգշաբթի օրը մեղադրանք առաջադրեց սպիտակամորթ 18-ամյա այն երիտասարդին, որը մեղադրվում է Նյու Յորքի Բաֆալո քաղաքի սուպերմարկետում 10 սևամորթների սպանության մեջ: Ըստ դատարանի, սպանությունը եղել է ատելությամբ դրդված:

Ըստ Gun Violence Archive շահույթ չհետապնդող կազմակերպության՝ 2022 թվականի ընթացքում մինչ օրս իրականացվել է 233 զանգվածային սպանություն, այդ թվում՝ այսօրվա հրաձգությունը Թուլսայում:

ԱՄՆ-ում զանգվածային հարձակում է համարվում այն գործողությունը, որի արդյունքում վիրավորվում կամ սպանվում է չորս կամ ավելի մարդ, այդ թվում հարձակումն իրականացնողը:

Հրազենի ու նրա կիրառման ու օրենքներում փոփոխություններ մտցնելու հարցերի շուրջ ելույթով է պատրաստվում հանդես գալ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

XS
SM
MD
LG