Մատչելի հղումներ

Խորանում է թուրք-հունական լարվածությունը


Էգեյան ծովի շուրջ լարվածությունը շարունակում է սրվել, երբ Թուրքիան և Հունաստանը միմյանց մեղադրում են ռազմական օդանավերի միջոցով օդային իրենց տարածքը խախտելու մեջ:

Այս ամսվա սկզբին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այլևս գոյություն չունի Թուրքիայի համար: Էրդողանն այս խոսքերն ասաց այն բանից հետո, երբ Միցոտակիսը կոչ արեց ԱՄՆ-ի Կոնգրեսին արգելափակել ռազմական տեխնիկայի վաճառքը Թուրքիային:

Անկարային այս պահին շատ է հուզում Հունաստանի արագ վերազինման գործընթացը, եւ ինչպես Անկարան է պնդում` նոր զենքերը Թուրքիային մոտ գտնվող կղզիներում տեղակայելու փաստը:

Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Քասինի խոսքերով, Հունաստանը հինգ միլիարդ դոլարի մարտական օդանավեր է գնում Ֆրանսիայից, ինչպես նաեւ տասը միլիարդ դոլարի ամերիկյան ռազմական ուղղաթիռներ, ռազմածովային ուժերի համար այլ տեխնիկա: ‘’Հունաստանը գնում է նաե F-35 տիպի կործանիչներ: Եվ այդ ժամանակ Թուրքիան հարց է տալիս. «Ի՞նչ է կատարվում հունական կղզիներում։ Արդյո՞ք նրանք չեն որոշի հարձակում իրականացնել ընդդեմ Թուրքիայի’’, ասել է Քասինը: Այո, Հունաստանի վերազինումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսը թույլ չի տալիս ամերիկյան զենքերի վաճառք Ռուսաստանից հրթիռային համակարգ գնող Թուրքիային:

Եվ վերլուծաբաններն ասում են, որ Անկարան անհանգստացած է երկու երկրների միջև ուժերի հարաբերակցության փոփոխությամբ:

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սերհաթ Գուվենչն ասում է, թե «Թուրքիան զրկված է եղել ժամանակակից ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունից: Մինչդեռ, Հունաստանն օգտվում է նման սպառազինության ավելի մեծ հասանելիությունից, և դա, իհարկե, ռազմական իրավիճակը թեքելու է Հունաստանի օգտին»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրն է՛լ ավելի սրեց լարվածությունը, երբ զգուշացրեց, որ Թուրքիան պատրաստ է վիճարկել հունական կղզիների ինքնիշխանությունը և մեղադրեց Աթենքին, այդ կղզիներն ապառազմականացված պահելու մասին միջազգային պայմանագիրը խախտելու մեջ: Հունաստանը պնդում է, որ գործում է ինքնապաշտպանության նպատակով:

Վաշինգտոնի և Եվրամիության հետ Աթենքի կապերի խորացումն այն ժամանակ, երբ Անկարան կանգնած է մեկուսացման հնարավորության առջեւ, Թուրքիային արդեն իսկ այսօր դնում է խոցելի իրավիճակում:

‘’Ամերիկայի Ձայն’’-ին տված հարցազրույցում Սերհաթ Գուվենչը սա բացատրում է հետեւյալ կերպ. ‘’Սրանք վերջին տասնամյակում Թուրքիայի թույլ տված ռազմավարական սխալների հետևանքներն են։ Թուրքիան բոլորին օտարեց իրենից, ինքն իրեն ներշնչեց չափից ավելի ինքնավստահություն, եւ փորձեց ապացուցել ինքն իրեն, որ կարող է միայնակ կերպով ձեւավորել իր շրջապատը’’:

Իսկ որո՞նք են այն կղզիները, որոնց շուրջ շարունակում է խորանալ լարվածությունը Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ:

Երկրորդ աշխարհամարտից հետո` 1947 թվականին ըստ Փարիզի համաձայնագրի, ավելի քան մեկ տասնյակ կղզիներ Իտալիայից փոխանցվեցին Հունաստանին: Սակայն 1964 թվականից Թուրքիան սկսեց պնդել, որ կղզիներից 12-ը իրականում գողացվել են իրենից 1912 թվականին և առաջարկում է Հունաստանին իրեն հանձնել կղզիներից վեցը՝ որպես բարիդրացիական հարաբերությունների ցուցադրություն:

Հունաստանը հրաժարվում է դա անել: Եվ այդ ժամանակվանից ի վեր երկու երկրները վիճաբանութան մեջ են ցամաքային, օդային և ծովային տարածքների պատկանելության շուրջ առկա տարաձայնությունների պատճառով:

«12 կղզիների թեման մեր վերքն է, որը դեռ չի սպիացել’’, երեքշաբթի օրը հայտարարեց Թուրքիայի քաղաքական գործիչների Դեվլեթ Բաչելին, ազդարարելով մեկ անգամ եւս, որ երկու երկրների միջեւ կա պատերազմի իրական վտանգ:

Իսկ այն, որ Թուրքիան էներգիայի աղբյուրներ որոնող իր հետազոտական նավերը շարունակում է տեղաբաշխել Հունաստանի եւ Կիպրոսի ափերին մոտ գտնվող ջրերում, ավելի է սրում լարվածությունը, եւ է՛լ ավելի մեծացնում իրեն է՛լ ավելի մեկուսացնելու Թուրքիայի հեռանկարները:

Արամ Վանեցյան

Դորիան Ջոնս

XS
SM
MD
LG