ԱՄՆ-ը կարծես համաձայն է Ուկրաինա ուղարկել հեռահար բազմակի արձակման հրթիռային համակարգ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և այլ պաշտոնյաներ պարբերաբար էին հորդորում առաքել MLRS-ի տիպի բազմակի արձակման հրթիռային կայանքներ` հայտարարելով, որ նման տիպի զենքերով է հնարավոր հակազդել Դոնբասի շրջանում Ռուսաստանի ուժեղ ռմբակոծություններին:
Սակայն նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ ասել էր, թե ԱՄՆ-ն Ուկրաինային չի հատկացնի հրթիռային այնպիսի համակարգեր, «որոնք կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում»:
Ռուսաստանը ծանր սպառազինությունների նման մատակարարումները դիտարկում է որպես սադրիչ էսկալացիա։ Եվ կան մտահոգություններ, որ նման զենքեր մատակարարելու հարցը կարող է դառնալ պատճառ, որ Մոսկվայի հետ ՆԱՏՕ-ն հայտնվի ուղղակի հակամարտության մեջ:
Այս պահին Ռուսաստանը շարունակում է հրթիռային, հրասայլային եւ օդային հարվածներն ընդդեմ Սևերոդոնեցկի և Դոնբասի այլ հատվածների։
Կիևի ուժերն արդեն իսկ օգտագործում են ԱՄՆ-ի կողմից մատակարարված M777 հաուբիցներ, որոնց հեռահարությունը կազմում է մոտ 25 կմ: Սակայն MLRS-ն Ուկրաինային թույլ կտա հարվածներ հասցնել ավելի հեռու գտնվող թիրախների:
M270 բազմակի արձակման կայանքը կարող է խոցել թիրախներ մինչև 300 կմ հեռավորության վրա:
ԱՄՆ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա, որի խոսքերը մեջբերում է Washington Post-ը, ասել է, թե Սպիտակ տունը խնդիր չի տեսնում Ուկրաինային MLRS` բազմակի արձակման հրթիռային համակարգեր տրամադրելու հարցում, սակայն կայանքների հետ կուղարկի միայն ավելի փոքր հեռահարության հրթիռներ, խուսափելով ամենահեռահար հրթիռների մատակարարումից:
Հոդվածը կազմված է ''Ռոյթերս'', ''Ֆրանս փրես'' եւ ''Ասոշիեյթեդ փրես'' գործակալություններից ստացված հաղորդագրությունների հիման վրա: