Մոտ չորս միլիոն սիրիացի փախստականներ են այժմ գտնվում Թուրքիայում, որոնք այստեղ են տեղափոխվել Սիրիայում երկարատև հակամարտության արդյունքում:
Այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասում է, որ իր կառավարությունը մեկ միլիոն փախստականների կամավոր կվերադարձնի Սիրիա՝ հարյուր հազար տուն կառուցելու խոստումներով, ինչը, ըստ նրա, նրանց նոր կյանքի հնարավորություն է տալու:
Սիրիացիները կվերադառնան թուրքական զինուժի և սիրիացի ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածք՝ Դամասկոսի ուժերի վերահսկողությունից դուրս: Սակայն փախստականների խմբերը զգուշացնում են, որ Սիրիայում անվտանգությունը երաշխավորված չէ եւ ոչ մեկ հատվածում:
Այս մասին է ասում նաեւ Թուրքիայում սիրիացի փախստականների շահերը պաշտպանող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Հայա Աթասին` Skype-ի միջոցով:
Էրդողանն այժմ հայտնվել է Թուրքիայում գտնվող միլիոնավոր փախստականների տուն վերադարձն ապահովելու հարցով ճնշումների տակ, երբ այստեղ աճում է այս փախստականների նկատմամբ թուրք հասարակության թշնամանքը:
Ստամբուլի տնտեսագիտական հետազոտությունների հաստատության վերլուծաբաններից Ձան Սելջուկի խոսքերով, բնակչության 61%-ը համաձայն է, որ պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել սիրիացի փախստականների նկատմամբ, քանի որ նրանց շրաջանում հանցագործությունների մակարդակը նկատելիորեն մեծ է: ‘’Եվ այս տնտեսական անկման հետևանքով, ես կարծում եմ, որ սիրիացի փախստականների հարցը դառնում է ավելի թեժ խնդիր, որտեղ զգացմունքները հակված են դուրս գալ վերահսկողությունից’’, ասում է նա:
Եղել են դեպքեր, ինչպես օրինակ Անկարայում, երբ թուրք զայրացած ամբոխը հարձակում է գործել սիրիացի փախստականների թաղամասերի վրա:
Թուրքիայում տարածվում են տեսանյութեր այն մասին, թե իբր արդեն արաբներն են ղեկավարում իրենց երկիրը: Իսկ սոցիալական ցանցերը հեղեղվում են փախստականների դեմ տրամադրություններով:
Հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը կոչ է անում հետ վերադարձնել փախստականներին։
Անվտանգության ուժերն արդեն սկսել են կանոնավոր կերպով հավաքել եւ արտաքսել նրանց, ում համարում են անօրինական միգրանտներ:
Եվ քանի որ միլիոնավոր սիրիացիներ նախընտրական այս ընթացքում հայտնվել են թուրքական թակարդում, շատերն են մտածում այստեղից Եվրոպա արտագաղթելու մասին, որտեղ եւս նրանց ընդունելությունը երաշխավորված չէ:
Նյութը կազմված է Դորիան Ջոնսի հոդվածի հիման վրա: