Ինչպես Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոնն է հայտնել, Ֆինլանդիայից եւ Շվեդիայից չորեքշաբթի օրը պատվիրակություններ են մեկնելու Անկարա, բանակցելու համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի հետ առկա տարաձայնությունները հարթելու նպատակով: Այս մասին հայտնում է ‘’Ռոյթերս’’ լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված ներխուժման հենքի վրա Շվեդիան և Ֆինլանդիան ներկայացրին ՆԱՏՕ-ին անդամակցելու արագ գործընթաց սկսելու դիմումներ, ինչին դեմ արտահայտվեց Թուրքիան:
«Մենք հասկանում ենք, որ Թուրքիան ահաբեկչության հետ կապված հարցերով ունի անվտանգության որոշ մտահոգություններ», - ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ: ‘’Սակայն մենք կարծում ենք, որ այս հարցերը կարող են լուծվել’’, ասել է նա:
Թուրքիան պնդում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան ապաստան են տրամադրում այն անձանց, որոնք, ըստ Անկարայի, կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների հետ և Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներն են, ում Անկարան մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։
Երկուշաբթի օրը Թուրքիան հինգ պայման է նշել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հաստատելու համար: Անկարան պահանջում է, որ Շվեդիան չեղարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցները, ներառյալ զենքի բեռնարգելքը, դադարեցնի «ահաբեկչության նկատմամբ քաղաքական աջակցությունը», վերացնի ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրները և դադարեցնի Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական ճյուղին՝ YPG-ին սպառազինումը: Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի մամուլի գրասենյակի հրապարակած ցուցակում։
«Սպասում ենք, որ անդամակցության հայտ ներկայացրած Շվեդիան սկզբունքային քայլեր կիրականացնի և որոշակի երաշխիքներ կներկայացնի Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունների վերաբերյալ», ասված է հայտարարության մեջ։
‘’2017 թվականից մեր երկիրը Շվեդիայից պահանջում է PKK/PYD և FETO ահաբեկիչների արտահանձնում, սակայն մինչ օրս դրական պատասխան չի ստացել»,- ասված է Էրդողանի մամլո գրասենյակի հայտարարության մեջ:
Թուրք պաշտոնատար անձինք ասել են, թե Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում Թուրքիան հետ չի կանգնելու իր դիրքերից, քանի դեռ Անկարայի անվտանգության հետ կապված կոնկրետ առաջընթաց չի գրանցվել: Անկարան այս հարցի շուրջ առանձին բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ, հավելել են նրանք:
«Ներկա պահին ընթանում են մի շարք դիվանագիտական նախաձեռնություններ», - ասված է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդի հայտարարության մեջ: «Մենք այլ մեկնաբանություն չունենք», ասել է նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ին միանալու նպատակ ունեցող երկու երկրների ղեկավարների հետ և քննարկել իր մտահոգությունները։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն ասել է, որ բանակցությունները եղել են «բաց և ուղղակի»: