Մատչելի հղումներ

Թուրքիան հրաժարվում է համաձայնվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը


Նախագահ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի օրը մայիսի 18-ին հայտարարել է, որ Շվեդիան չպետք է ակնկալի, որ Թուրքիան կհաստատի իր անդամակցությունը ՆԱՏՕ-ի կազմում՝ առանց «ահաբեկիչներին» վերադարձնելու: Էրդողանը հորդորել է և շվեդներին և ֆիններին չայցելել Թուրքիա՝ Անկարայի աջակցությունը ստանալու համար:

Ավելի վաղ Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես դիմել էին ՆԱՏՕ-ի դաշինքին միանալու համար, որը պայմանավորված էր Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա, ընդ որում, ակնկալվում էր, որ անդամակցության գործընթացը կտևի ընդամենը մի քանի շաբաթ՝ չնայած Թուրքիայի առարկություններին:

Անկարան ասում է, որ Շվեդիայում և Ֆինլանդիայում կան մարդիկ, որոնք կապված են այն խմբերի հետ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ, մասնավորապես՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալ խմբավորման և Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները: Անկարան մեղադրում է Գյուլենին 2016 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Խորհրդարանում իր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին ուղղված ելույթում Էրդողանը շեշտել է, որ այս հարցը չափազանց զգայուն խնդիր է Անկարայի համար, քանի որ կապված է ահաբեկիչների կողմից երկրի վրա հարձակումների հետ:

Ըստ Էրդողանի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները երբեք չեն աջակցել Թուրքիային քրդական զինյալ խմբավորումների, այդ թվում՝ սիրիական քրդական YPG-ի դեմ պայքարում, որը Անկարան նույնպես դիտարկում է որպես ահաբեկչական խմբավորում, որը սերտորեն կապված է PKK-ի հետ: Նա ընդգծում է Թուրքիայի համար զգայուն խնդիրների նկատմամբ հարգանքի կարևորության անհրաժեշտությունը:

Թուրքական TRT Haber պետական հեռուստաընկերությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան չեն համաձայնվել Թուրքիայի խնդրանքի հիման վրա վերջինիսին հանձնել 33 անձանց։

«Այսպիսով, դուք մեզ հետ չեք տա ահաբեկիչներին, բայց խնդրում եք մեզ անդամակցել ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ն անվտանգության հետ կապված կառույց է, անվտանգության կազմակերպություն է: Հետևաբար, մենք չենք կարող «այո» ասել անվտանգության այս կազմակերպությանը անվտանգությունից զրկելուն»,- ասել է Էրդողանը:

XS
SM
MD
LG