Մատչելի հղումներ

Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացվող հանցագործությունները. նոր ապացույցներ


Կիևի մերձակայքում ռուս զինվորականների կողմից երկու խաղաղ բնակիչների սպանության կադրերը, որոնք ցուցադրել է CNN-ը, ցնցել են ողջ աշխարհը։ Դատելով անվտանգության տեսախցիկի տեսանյութից՝ ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 16-ին։ Այդ օրը մի խումբ ռուս զինվորականներ կանգնեցրել և խուզարկել են տեղի ավտոսրահի սեփականատեր և ընկերության անվտանգության աշխատակից 68-ամյա Լեոնիդ Պլյացին: Խուզարկությունից հետո ռուսները բաց են թողել նրան, հետո` ինքնաձիգներով սառնասրտորեն կրակել թիկունքից։ Կադրերում երևում է, թե ինչպես է վիրավոր Լեոնիդ Պլյացը փորձում կանգնել ու փախչել, բայց շուտով ընկնում է եւ մահանում արյան մեծ կորստի պատճառով, հայտնում են լրատվամիջոցները։

Տեսանյութը կցված է Ուկրաինայում ռուսական բանակի ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննության նյութերին։ Այս հանցագործությունը եւս մեկ վկայություն է այն մեթոդների, որոնցով Ուկրաինայում պատերազմ է մղում ռուսական բանակը, բանակ, որի գերագույն հրամանատարը Պուտինն է։ Իսկ ահա Մոսկվայում ռուսական բանակի ռազմական հանցագործությունների բոլոր փաստերը համառորեն շարունակում են անվանել «կեղծ»։

Փաստաբան Մարկ Ֆեյգինի կարծիքով, նույնիսկ մինչ այժմ հավաքված փաստերով կարելի է դիմել դատարան: «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նա ասել է, թե ‘’Սրանք անհերքելի փաստեր են: Իհարկե, ոչ բոլոր հանցագործություններն են արձանագրվել ֆիլմում, սակայն նման արարքների զանգվածային բնույթն անհերքելի է: Դժվար է հաշվարկել խաղաղ բնակիչների դիակների թիվը։ Սա ցեղասպանություն է», ասում է նա:

Մարկ Ֆեյգինը համոզված է, որ եթե ինչ-որ տեղ հանցագործությունները տեղի են ունեցել ‘’հանպատրաստից’’, սակայն ընդհանուր առմամբ դրանք չէին կարող լինել առանց ուղղակի հրամանի կամ ամենաթողության։ ‘’Դրա շարժառիթն հեշտ չհանձնվելու եւ պայքարը համառորեն շարունակելու մեջ ուկրաինացիների կամքի մեջ է’’, ասում է փաստաբանը, որը կարծում է, թե նման հանցագործություններ պատերազմների ընթացքում պատահում են, սակայն, այն, որ դրանք դառնում են համատարած երեւույթ, խոսում է այն մասին, որ կա թողտվություն ու թույլտվություն: Բռնությունն օգտագործվում է վախեցնելու, հնազանդության մղելու, վրեժ լուծելու համար, ասում է նա:

Փաստաբանը վստահ է նաև, որ ապացույցներն ու ցուցմունքներն արդեն բավական են դրանք միջազգային դատարանին տրամադրելու համար։ «Բուչայի, Իրպենի և այլ բնակավայրերի ազատագրումից հետո մեծաթիվ ապացույցներ կուտակվեցին: Այս քաղաքներում կան բազմաթիվ տեսանկարահանման կետեր, որոնց մասին զավթիչները չեն իմացել։ Հետևաբար, նրանք, առանց վարանելու ու զգուշանալու, կրակել են խաղաղ բնակչության ուղղությամբ: ‘’Մենք գործ ունենք մարդատյացության իսկական դրսևորման հետ։ Եվ այստեղ հարցն արդեն հոգեբաններինն ու սոցիոլոգներինն է»,- ասում է Մարկ Ֆեյգինը։

Սախարովի անվան կենտրոնի տնօրեն Սերգեյ Լուկաշևսկին «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված մեկնաբանություններում նշել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմում հանդես է գալիս ոչ թե որպես ֆաշիզմի դեմ հաղթանակած պետություն, այլ որպես մի երկիր, որը փորձում է համաշխարհային հարթակում հանդես գալ ագրեսիայի և ռազմական ուժի միջոցով։

Նրա խոսքերով, ռուս զինվորականների գործողությունների նկատմամբ համաշխարհային հանրության բնական արձագանքը կատարված ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջն է։

«Հարցն այն է, որ պատիժն իսկապես անխուսափելի դառնալու համար պետք է արմատական քաղաքական փոփոխություններ տեղի ունենան այն երկրում, որտեղ գտնվում են պատերազմի հանցավոր գործողությունների մեջ կասկածյալ անձինք։ Հակառակ դեպքում պատիժն անխուսափելի չի դառնում։ Սա է միջազգային իրավապաշտպան շարժման համակարգում ամենաթույլ կետը։ Եվ այդ թույլ կետն էր, որը դարձավ ներկա պատերազմն իրականացնելու հնարավորություն’’- եզրափակում է Սախարովի կենտրոնի տնօրենը։

Վիկտոր Վլադիմիրով Արամ Վանեցյան

XS
SM
MD
LG