Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը կհետաքննի Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունները


ՄԱԿ-ի հանձնաժողովն այս թեմայով զեկույց կպատրաստի մինչեւ հաջորդ տարվա սկիզբը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հինգշաբթի օրը կորոշի, թե արդյոք հետաքննություն կսկսի Կիևի տարածքում ռուսական զորքերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

Բանաձևը, որը ներկայացրել է Ուկրաինան և աջակցում է ավելի քան 50 երկիր, հատուկ հանձնաժողովին լիազորելու է հետաքննել իրադարձությունները Կիևի շրջանի այն տարածքներում, որտեղ տեղակայված են եղել ռուսական զորքերը։

Հանձնաժողովը հաշվետվություն կպատրաստի մինչև հաջորդ տարվա սկիզբը։

«Այն տարածքները, որոնք օկուպացված էին Ռուսաստանի կողմից փետրվարի վերջին և մարտին, առերեսվել են վերջին տասնամյակների ընթացքում մարդու իրավունքների ամենածանր խախտումներին եվրոպական մայրցամաքում », - ասել է Ուկրաինայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Էմինե Ջափարովան:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Ռուսաստանը հեռացվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից՝ կապված Ուկրաինայում անօրինական գործողություններ իրականացնելու մեղադրանքների հետ։

Նույն հանդիպմանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ասել է, որ երկիրը ռուսական ներխուժման ժամանակ հնարավոր ռազմական հանցագործությունների բազմաթիվ օրինակներ ունի։

«Ապօրինի սպանությունների ծավալները, ներառյալ զանգվածային մահապատիժների նշանները Կիևից հյուսիս ընկած տարածքներում, ցնցող են», - ասել է նա: Նրա հաշվարկներով՝ մինչ օրս Կիևի մարզում հայտնաբերվել է 1000 դի։

Տասնյակ երկրներ հանդես են եկել ի պաշտպանություն բանաձևի, որը նաև կպահանջի Բաչելետից հավելյալ տեղեկություն տրամադրել Մարիուպոլում խախտումների վերաբերյալ հունիսյան նստաշրջանին:

«Միասին աշխատելով՝ մենք պետք է ուժեղ ուղերձ հղենք նրանց, ովքեր մասնակցում են իրենց ընտրությամբ այս դաժան պատերազմին և երաշխավորում ենք պատասխանատվությունը», - ասել է ԱՄՆ Մարդու իրավունքների դեսպան Միշել Թեյլորը:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG