ԱՄՆ արդարադատության նախարարությունը տարածել է հաղոդագրություն այն մասին, որ Կալիֆոռնիայի դաշնային կառավարությունը սկսել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող հսկայական առանձնատան բռնագանձման գործընթացը: Հաղորդագրաթյան մեջ ասված է, որ Միացյալ Նահանգները պահանջում է բռնագրավել Լոս Անջելեսի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող ավելի քան 30,000 քառակուսի ֆուտ (ավելի քան 2787 քառակուսի մետր) տարածք զբաղեցնող առանձնատունը` համաձայն քաղաքացիական բռնագանձման բողոք-հայցի, որում ասվում է, որ առանձնատունը գնվել է հայ գործարարի կողմից Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի ընտանիքին վճարված կաշառքի միջոցով:
Ըստ հաղորդագրության՝ 66-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով հայտնի էր որպես «սուպեր նախարար», իր լայն լիազորությունների պատճառով, 2008-2014 թվականներին զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, իսկ 2014 թվականից՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը մինչև 2016թ.: Երկուշաբթի օրը ԱՄՆ Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան ներկայացված բողոքում Միացյալ Նահանգները պնդում է, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի համար բարենպաստ հարկային պայմաններ ստեղծելու դիմաց: Կաշառքց ստացված միջոցները, ըստ վարկածի, օգտագործվել են Հոլմբի Հիլզի գույքը գնելու համար, որը վերջերս վաճառքի էր հանվել 63.5 միլիոն դոլարով:
Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով, նշում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Առուստամյանի նկատմամբ Հայաստանում քրեական գործ է հարուցվել նաև կաշառք տալու համար։
Այս հարցը հետաքննվել է ՀԴԲ-ի եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խմբի (EOCTF) և ԱՄՆ Մարշալների ծառայության կողմից: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ցուցաբերել են մեծ օգնություն։ EOCTF-ը կազմված է բազմաթիվ իրավապահ մարմիններից՝ ներառյալ ՀԴԲ-ն, Հարկային մարմնի քրեական հետախուզությունը, ԱՄՆ փոստային տեսչական ծառայությունը, Գլենդելի ոստիկանական բաժանմունքը, Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը և Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչությունը, նշում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը: