Մատչելի հղումներ

Ավելի քան 60 կոնգրեսականներ պահանջում են զգալիորեն մեծացնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի օգնությունը 


Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ավելի քան 60 կոնգրեսականներ, Ֆրենկ Փալոնի, Գաս Բիլիրակիսի, Ջեքի Սփիերի և Ադամ Շիֆի գլխավորությամբ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և բարձրաստիճան անդամ Հըլ Ռոջերսին՝ խնդրելով զգալիորեն մեծացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օգնությունը 2023 թվականի ֆինանսական տարում։

Օրենսդիրները կոչ են արել նվազագույնը 100 միլիոն դոլար տրամադրել՝ Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական, էներգետիկ բարեփոխումների և օրենքի գերակայությանն ուղղված ծրագրերի համար: Բացի այդ, կոնգրեսականները խնդրում են 50 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության նպատակով: Նամակում Կոնգրեսի անդամները նաև հորդորում են ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտի աջակցությունը և կոչ անել Բաքվին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորվածներին։ Դրա մասին տեղեկացնում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի գրասենյակը:

«Այս կարևոր ներդրումը հիմնված կլինի ենթահանձնաժողովի կողմից Հայաստանին և Արցախին նախկինում ցուցաբերած աջակցության վրա և կօգնի ամրապնդել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, մեր ներկայությունը և կմեծացնի մեր ազդեցությունը տարածաշրջանում»,- նշված է կոնգրեսականների նամակում:

Ըստ կոնգրեսականների՝ Միացյալ Նահանգները մնում է եզակի դիրքերում՝ Հարավային Կովկասում դիվանագիտական կարևոր առաջընթաց գրանցելու համար։

«Դա հատկապես ցայտուն է ժամանակակից ժողովրդավարությամբ հնագույն երկրում՝ Հայաստանում, որը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել մի տարածաշրջանում, որտեղ գերակշռում են ինքնակալ առաջնորդները: Հայաստանին նշանակալի օգնություն տրամադրելը կօգնի նրա ժողովրդին ավելի ապահով լինել, կամրապնդի նրա ժողովրդավարությունը, կայուն տնտեսական զարգացումը, կկայունացնի քաղաքացիական հասարակությունը և կօգնի նրա շարունակական արձագանքին COVID-19 համաճարակի դեմ պայքարում»,- գրում են ամերիկացի օրենսդիրները:

XS
SM
MD
LG