Ֆիննական Nokia հեռահաղորդակցության ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում աշխատանքի դադարեցման մասին։
«Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրերից Nokia-ի համար պարզ էր, որ հետագա ներկայությունը Ռուսաստանում հնարավոր չէ: Վերջին շաբաթների ընթացքում մենք դադարեցրել ենք մատակարարումները, դադարեցրել ենք նոր բիզնեսը և գիտահետազոտական մեր սահմանափակ գործունեությունը տեղափոխել ենք Ռուսաստանից դուրս: Մենք կարող ենք այժմ հայտարարել ռուսական շուկայից մեր դուրս գալու մասին»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ, Nokia-ն մտադիր է շարունակել պահպանել հեռահաղորդակցության ցանցերը Ռուսաստանում և դիմելու է լիցենզիաների համար, որոնք անհրաժեշտ են պատժամիջոցների ներքո այդ աջակցությունը տրամադրելու համար:
Նախորդ օրը շվեդական Ericsson ընկերությունն էր դադարեցրել գործունեությունը Ռուսաստանում, ինչի արդյունքում աշխատանքից ազատվել էին ընկերության բոլոր աշխատակինցները:
Ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ դա բացատրվել է վերջին իրադարձություններով և Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներով` ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինա կատարված ներխուժման։
Պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ներկայացվել է ապրիլի 8-ին, արգելում է քաղաքացիական կապի ցանցերի սարքավորումների մատակարարումը Ռուսաստանի օպերատորներին, որոնք ավելի քան 50 տոկոսով վերահսկվում են պետության կողմից: