Մատչելի հղումներ

Ռուսական կողմը կարող է կիրառել ֆոսֆորային զենքեր. Զելենսկին դիմում է Հարավային Կորեայի օգնությանը


Ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի օրը դիմել է Հարավային Կորեայի իշխանություններին: Այս երկրի օրենսդիրներին հղված տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ավելի շատ օգնության կարիք ունի, մասնավորապես՝ զենքի մատակարարումների։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Հարավային Կորեայի զրահատեխնիկան, ինչպես նաև Սեուլի հակաօդային, հակատանկային և հակածովային զենքերը Ուկրաինայի համար «անփոխարինելի» կլինեն։

Նա ընդգծել է, որ հարավկորեական զենքը կարող է ոչ միայն օգնել փրկել բազմաթիվ ուկրաինացիների կյանքեր, այլեւ կանխել Ռուսաստանի հարձակումն այլ երկրների դեմ։

«Չկա հույս, որ Ռուսաստանն ինքնուրույն կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Զելենսկին ու ավելացրել, որ «Ռուսաստանին խաղաղություն պարտադրել հնարավոր է միայն ստիպելու եղանակոք»:

Ուկրաինայի նախագահն ասել է, որ Մարիուպոլի դեմ ռուսական զորքերի նոր հարձակման դեպքում հավանաբար տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվեն։ Reuters-ին չի հաջողվել ստուգել այս գնահատականի ճշգրտությունը: Կան որոշ տեղեկություններ, որ Մարիուպոլում մարտերի սաստկացման պատճառով ռուսական կողմից կարող են կիրառվել ֆոսֆորային զենքեր:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ մերժել է հակաօդային զենքեր մատակարարելու վերաբերյալ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի խնդրանքը:

Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սեո Վուկն իր ուկրաինացի գործընկերոջն ասել է, որ Կիևին մահաբեր զենքի ցանկացած մատակարարում կսահմանափակվի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավային Կորեայի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Իր ելույթում Զելենսկին չի հիշատակել այս մերժումը, սակայն ասել է, որ «զենքի մատակարարման սովորական կանոնները պետք է վերանայվեն»։

XS
SM
MD
LG