Կրեմլը երեքշաբթի օրը հայտարարել է, թե այն պնդումները, որոնց համաձայն Ուկրաինայի Բուչա քաղաքում ռուսական ուժերը պատերազմական հանցագործություններ են իրագործել՝ քաղաքացիական անձանց մահապատժի ենթարկելով, ‘’հրեշավոր կեղծիք են, որոնց նպատակն է նսեմացնել ռուսական բանակը’’:
«Դա պարզապես լավ բեմադրված, բայց ողբերգական շոու է», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանը չի բացառում նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նրա պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկիի միջեւ հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ կողմերն ինչ որ փաստաթղթի շուրջ գան համաձայնության, ասել է Պեսկովը։
Ռուսաստանն ու Ուկրաինան տեսակապի միջոցով շարունակում են ինտենսիվ խաղաղության բանակցությունները, երեքշաբթի օրը հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ փոխնախարարին։
Կրեմլը հայտարարել է, թե Բայդենի արտահայտությունն այն մասին, որ Պուտինը պետք է կանգնի դատարանի առջեւ պատերազմական հանցագործությունների համար, անընդունելի է և անհարիր։
Պեսկովը նաև ասել է, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի դեմ կիրականացնի հավելյալ պատժամիջոցներ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ չորեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է «երկար տևել» և կոչ է արել ռազմական դաշինքին մեծացնել իր զսպման կարողությունները:
«Մենք որևէ նշան չենք տեսել, որ Պուտինը փոխել է ողջ Ուկրաինան վերահսկելու և նաև միջազգային կարգը վերաշարադրելու իր հավակնությունները: Ուստի մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարին», - ասել է նա լրագրողներին:
Ստոլթենբերգը նաև կոչ է արել պատժել Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում սպանությունների հեղինակներին։