Մատչելի հղումներ

Կիեւը` բարիկադների ներքո


Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մի հողատարածք է առանձնացվել վերջին մարտերում զոհված խաղաղ բնակիչներին ու զինվորականներին հուղարկավորելու համար: Այստեղ հողին կհանձնվեն նաեւ հետագա մարտերի ընթացքում զոհվածների մարմինները:

Ուկրաինան վերջերս հայտարարեց, որ հետ է վերցրել մայրաքաղաքը շրջապատող մի շարք քաղաքներ: Սակայն տեսարանները սարսափելի են: Այստեղից ստացվում են խաղաղ հարյուրավոր բնակիչների սպանությունների մասին տեղեկություններ, որոնց մարմինները ռուսների հետքաշումից հետո մնացել են փողոցներում:

Կիևի գերեզմանատան տնօրենը կարծում է, որ մայրաքաղաքում հարաբերական խաղաղությունը ժամանակավոր է, եւ որ պատերազմական գործողություններն այստեղ հավանաբար վերսկսվեն:

«Բուչայում սկսված մարտերի ժամանակ հրթիռները խոցեցին մեր գերեզմանատունը աշխատողներից 100 մետր հեռավորության վրա: Սակայն երբ գրոհն ավարտվեց, աշխատակիցները վերսկսեցին գերեզմանափոսեր փորելու աշխատանքները’’, ասում է նա:

Կիևը շարունակում է մնալ բարիկադներով շրջապատված: Ռմբակոծված շենքերի փլատակներն էլ դեռեւս մնում են որպես ավերակներ:

Ռուսաստանը հայտարարում է, որ դուրս է եկել Կիևին հարակից շրջաններից, սակայն շատերն են կարծում, որ մատակարարումներ ստանալուց հետո ռուսական զորքերը նորից կվերադառնան այստեղ:

Բնակիչներն ասում են, թե իրենք չեն վստահում ռուսների խոսքերին ու հավատացած են, որ այս պահին նրանք վերախմբավորվում են: Բնակիչներից Իրինա Շերբանյուկի խոսքերով, եթե Ռուսաստանը ավելի մեծաթիվ զորքեր տեղափոխի դեպի արևելք, ուկրաինական ուժերի համար շատ ավելի դժվար կլինի դրանց պաշտպանությունն իրականացնելը:

Երկրի արևմտյան հատվածում, որտեղ ամեն օր օդային հարվածների ձայներ են լսվում, կառավարությունը խաղաղ բնակիչներին նախապատրաստում է դիմադրության:

Ինչպես Վիննիցայի քաղաքապետ Սերհի Մորհունովն է ասում, «Մենք անցկացնում ենք տարբեր տեսակի մարզումներ` առաջին օգնություն, քիմիական հարձակման պաշտպանության վարժանքներ, օդային հարձակման հրահանգներ, պաշտպանական հմտություններ»:

Վիննիցայի դպրոցն էլ օգտագործվում է որպես տեղահանված մարդկանց ընտանիքների կացարան:

Այստեղ ապաստան գտած անձինք ասում են, որ իրենք հարկ եղած դեպքում կպայքարեն նույնիսկ անզեն, մերկ ձեռքերով: ‘’Մենք նրանց կպատառոտենք մեր երեխաներին սպանելու համար’’, ասում է Տատիանա անունով տեղահանված կինը:

Ուկրաինայում պատերազմը ստիպել է, որ մոտ 10 միլիոն մարդ հեռանան իրենց տներից: Ըստ ՄԱԿ-ի հայտնած տեղեկությունների, նրանց մոտավորապես կեսը երեխաներ են: Ուկրաինայի կառավարությունն էլ պնդում է, որ Բուչայում և Կիևի մերձակայքում գտնվող մյուս քաղաքներում զանգվածային սպանությունները նման են «պատերազմական հանցագործությունների»։

XS
SM
MD
LG