Մատչելի հղումներ

Ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունները դեռեւս չեն գրանցում նկատելի տեղաշարժ


Ռուսական ռազմական ուժերը շարունակում են հրետակոծել Խարկովը, Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքներ՝ չնայած մայրաքաղաքի վրա հարձակումները նվազեցնելու Մոսկվայի խոստումներին:

Ե՛վ ռուսական, և՛ ուկրաինական պատվիրակությունները նշել են Ստամբուլում ընթացող խաղաղ բանակցություններում համեստ առաջընթացի մասին, թեև, նրանց խոսքերով, բեկում չի եղել:

Փորձագետներն ասում են, որ Թուրքիան ջանք չի խնայում, որպեսզի արդեն 6 շաբաթ շարունակվող ռուսական ներխուժումն ավարտվի, քանի որ այս հակամարտությունից մեծապես է տուժում նաեւ իր տնտեսությունը:

Ինչպես վերլուծաբաններից Մաքսվել Հոֆմանն է ‘’Սկայպ’’-ի միջոցով ասել, Թուքիայի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաաստանի էներգակիրների ներմուծումներից: Երկու երկրներից այն ստանում է իրեն անհրաժեշտ ցորենի հիմնական մասը: Մեծապես է տուժում Թուրքիայի զբոսաշրջության հատվածը, քանի որ հատկապես տաք սեզոններին Թուրքիան ողողվում էր ռուս եւ ուկրաինացի զբոսաշրջիկներով:

Մեկ այլ վերլուծաբան Էլիզաբեթ Շաքելֆորդի խոսքերով, որն «Ամերիկայի Ձայն»-ին նույնպես պատասխանել է ‘’Սկայպ’’-ի միջոցով, ասել է, որ բանակցությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրում անցկացնելու փաստը, ի տարբերություն նախորդ փուլին, որն անցկացվում էր Ռուսաստանի դաշնակից Բելառուսում, խոսում է այն մասին, որ կանոնները փոփոխվել են, եւ այն մասին, որ Ռուսաստանն այլևս չունի հստակ առավելություն:

Ուկրաինացի բանագնացները նշել են, որ իրենք կոնկրետ առաջարկներ են ներկայացրել՝ խոստանալով չմիանալ ՆԱՏՕ-ին կամ որևէ այլ ռազմական դաշինքի՝ հուսալի, միջազգային անվտանգության երաշխիքներ ստանալու դիմաց, որ Ռուսաստանը չի ունենա ընդդեմ Ուկրաինայի նոր պատերազմ սկսելու հնարավորություն:

Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թերահավատություն է հայտնել խաղաղություն հաստատելու հարցում Ռուսաստանի ցանկության վերաբերյալ: ‘’Ռուսաստանի կողմից ես չեմ տեսել խաղաղություն հաստատելու համար իրականացված լուրջ որեւէ նշան’’, ասել է նա ու ավելացրել, ‘’եթե Ուկրաինան համոզվի, որ իրականում կան նման նշաններ, ԱՄՆ-ը կաջակցի այդ գործընթացը’’:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է Ուկրաինայի իր պաշտոնակից Վոլոդիմոր Զելենսկիի հետ ուղիղ բանակցություններ սկսելու Էրդողանի առաջարկը:

XS
SM
MD
LG