Մատչելի հղումներ

Մինչեւ սպանությունը Նեմցովին հետապնդել են  ԱԴԲ-ի այն աշխատակիցները, որոնք հետապնդել են Նավալնիին


The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի լրագրողներին հաջողվել է պարզել, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից մեկ տարի առաջ նրան հետևել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային բյուրոյի (ԱԴԲ)-ի գործակալները, որոնք, հավանաբար նաեւ մասնակցել են ըննդիմության այլ գործիչների, այդ թվում Վլադիմիր Կարա-Մուրզայի և Դմիտրի Բիկովի դեմ հարձակումներին:

Նեմցովի հետապնդումը սկսվել էր անմիջապես այն բանից հետո, երբ նա սկսեց ակտիվորեն լոբբինգ իրականացնել Վլադիմիր Պուտինի շրջապատի դեմ պատժամիջոցների ընդլայնման համար: Նրան սպանեցին 2015 թվականին Կրեմլի պատերի մոտ:

Դատելով տոմսերի ամրագրման բազայի տվյալներից՝ Նեմցովին հետապնդել են ԱԴԲ-ի առնվազն երեք սպաներ՝ Վալերի Սուխարևը, Դմիտրի Սուխինինը և Ալեքսեյ Կրիվոշչեկովը։

Վալերի Սուխարևի և Նիկոլայ Կրիվոշչեկովի անունները հիշատակվել են ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի և Նեմցովի դաշնակից Վլադիմիր Կարա-Մուրզայի, ինչպես նաև բանաստեղծ և լրագրող Դմիտրի Բիկովի թունավորման վերաբերյալ Bellingcat-ի նախորդ հետաքննություններում։

Հետաքննությունը պարզել է, որ Վալերի Սուխարև անունով անձնագրով տղամարդը հետևել է Բորիս Նեմցովին առնվազն 13 ուղևորությունների ընթացքում։ Նեմցովի ճանապարհորդությունների մեծ մասը եղել են կանոնավոր գնացքով ուղևորություններ են Մոսկվայից:

Առնվազն մեկ անգամ Սուխարևին միացել է ԱԴԲ-ի մեկ այլ ենթադրյալ գործակալ Ալեքսեյ Կրիվոշչեկովը։ Վերջին անգամ Սուխարևը Նեմցովին հետևել է 2015 թվականի փետրվարի 17-ին՝ Կրեմլի մոտ ընդդիմադիր առաջնորդի սպանությունից ընդամենը 10 օր առաջ։

Վալերի Սուխարևը, ըստ քննիչների, գուցե աշխատել է ԱԴԲ-ի սահմանադրական կարգի պահպանության ծառայությունում՝ այսպես կոչված «2-րդ ծառայությունում», որի նպատակը ներքաղաքական սպառնալիքները կանխելն է:

Մյուս աշխատակիցները, ըստ Bellingcat-ի, կապված են ՀԴԲ-ի դատաբժշկական գիտությունների ինստիտուտի հետ, որը, ըստ նախկին խորհրդային հետախուզության դասալիքների, ունի թույնարտադրության գաղտնի լաբորատորիա:

Նավալնիի դեպքում Սուխարևը չի զբաղվել ֆիզիկական հսկողությամբ, սակայն, ըստ բջջային հեռախոսների վճարման տվյալների, տեղում կապի մեջ է եղել օպերատիվ աշխատողների, ինչպես նաև ԱԴԲ-ի ավելի բարձրաստիճան սպայի հետ։ Ընդհանուր առմամբ, քննիչները տեղյակ են Սուխարևի և գրեթե 150 զանգերի և հաղորդագրությունների խմբի անդամների միջև փոխանակման մասին։

Կրեմլից հայտնել են, որ ՌԴ իշխանությունները կապ չունեն այն ամենի հետ, ինչ ասվում է հետաքննության մեջ։

ԱԴԲ-ն չի պատասխանել մեկնաբանությամբ հանդես գալու BBC-ի խնդրանքին:

2014 թվականին Բորիս Նեմցովն Ուկրաինայի դեմ սկսված ռուսական ագրեսիայից հետո խաղաղության երթերի կազմակերպիչներից էր։ Նա ձգտում էր կազմակերպել պատժամիջոցներ Պուտինի շրջապատի դեմ։

2014 թվականի մարտի 20-ին Միացյալ Նահանգները հրապարակեց պատժամիջոցների փոփոխված ցանկը, որում, ի թիվս այլոց, ներառված էին Պետդումայի այն ժամանակվա նախագահ Սերգեյ Նարիշկինը, Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Իգոր Սերգունը, Ռուսական երկաթուղու ղեկավար Վլադիմիր Յակունինը, Թմրամիջոցների վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը և գործարարներ Յուրի Կովալչուկը, Արկադի և Բորիս Ռոտենբերգները, ինչպես նաև Գենադի Տիմչենկոն»: Դրանից 2 ամիս անց Անվտանգության դաշնային բյուրոյի աշխատակիցները սկսեցին հետևել Նեմցովին։

Բորիս Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայում։ Չեչնիայի հինգ բնակիչներ դատապարտվել են քաղաքական գործչի սպանության համար, այդ թվում՝ ՆԳՆ նախկին սպաներ։ Սակայն մինչ այժմ չեն բացահայտվել հարձակումը կազմակերպած անձինք: Ռուսաստանի ընդդիմադիր գործիչները Նեմցովի սպանության քաղաքական պատասխանատվությունը դնում են նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։

XS
SM
MD
LG