Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը զգալիորեն կավելացնի հեղուկացված բնական գազի մատակարարումները Եվրոպային


ԱՄՆ-ն այս տարի 15 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված բնական գազ կմատակարարի Եվրամիությանը, որպեսզի միության գոտում գտնվող երկրներին օգնի աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի ներկրումները:

ԵՄ-ը մտադիր է այս տարի երկու երրորդով նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից և ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի ներկրումը մինչև 2027 թվականը: Պատճառը Ռուսաստանի կողմից դեպի Ուկրաինա իրականացված ներխուժումն է: Այժմ Ռուսաստանն ապահովում է Եվրոպայի գազի կարիքների մոտ 40%-ը։

Մատակարարման անվտանգության հետ կապված մտահոգությունները խորացան այս շաբաթ այն բանից հետո, երբ Ռուսաստանը կարգադրեց գազի պայմանագրերի վճարումները կարգավորել ռուբլով, ինչը մեծացնում է մատակարարումների կրճատման և նույնիսկ ավելի բարձր գների ռիսկը:

ԱՄՆ-ի հեղուկացված գազի կայաններն աշխատում են ամբողջ հզորությամբ, և վերլուծաբաններն ասում են, որ Եվրոպա ուղարկվող ԱՄՆ-ի հավելյալ գազի մեծ մասը գոյանալու է այլ երկրներ արտահանման կրճատումից: Արդյունքում, եվրոպական գազի առանց այն էլ բարձր գները կարող են է՛լ ավելի աճել՝ սահմանափակ մատակարարումների պայմաններում ուժեղ պահանջարկի պատճառով։

Հեղուկ գազի մատակարարման մասին պայմանագրերը հեշտ չէ փոխելը, որպեսզի գազն այդքան հեշտությամբ վաճառվի այլ գնորդների:

ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ճշտել, թե լրացուցիչ հեղուկ գազի մատակարարումների որ ծավալը կամ տոկոսը Եվրոպա կգնա ԱՄՆ-ից: Նույնիսկ, եթե 15 միլիարդ խորանարդ մետր արտահանելն իրագործելի է, «դա դեռ բավարար չէ ռուսական գազի ներմուծումը փոխարինելու համար, որը 2021 թվականին կազմել է մոտ 155 միլիարդ խորանարդ մետր», - ասում են ING բանկի վերլուծաբանները։

Նախագահ Ջո Բայդենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել են աշխատանքային խումբ ստեղծելու ծրագրի մասին՝ նվազեցնելու Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ Հանձնաժողովը կաշխատի ԵՄ երկրների հետ՝ ապահովելու համար, որ նրանք կարողանան ստանալ լրացուցիչ 50 մլրդ խմ հեղուկացված գազ մինչև առնվազն 2030 թվականը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Գերմանիան՝ ԵՄ-ի ռուսական գազի ամենամեծ ներկրողը, հայտարարել է, որ «զգալի առաջընթաց» է գրանցել ռուսական գազից, նավթից և ածխի ներկրումներից իր կախվածությունը նվազեցնելու հարցում: Այս երկրի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն ասել է, որ Եվրոպայի այս խոշորագույն տնտեսությունը կարող է աստիճանաբար հրաժարվել ռուսական գազից մինչև 2024 թվականը:

XS
SM
MD
LG