Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Ռուսաստանին հորդորել է պահպանել միջազգային իրավունքի նորմերը


Երկուշաբթի օրը Պետդեպարտամենտը հաստատել է այն փաստը, որ Ռուսաստանում ԱՄՆ- ի դեսպան Ջոն Սալիվանը նախկինում հանդիպել է Ռուսաստանի ղեկավարության հետ։ Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Սալիվանը Մոսկվայից պահանջել է պահպանել միջազգային իրավունքը և կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ԱՄՆ-ի դիվանագետներին հյուպատոսական մուտք ապահովել Ռուսաստանում կալանավորված ԱՄՆ քաղաքացիների համար:

Ինչպես լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, «միանգամայն անընդունելի է», որ Միացյալ Նահանգներին մերժել են հյուպատոսական մուտքը Ռուսաստանում կալանավորված ամերիկացի քաղաքացիներին:

Երկուշաբթի ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն կանչել է դեսպան Սալիվանին և նրան հայտնել, որ նախագահ Ջո Բայդենի խոսքերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին «ամերիկա-ռուսական հարաբերությունները հասցնում են փլուզման եզրին»:

Անցյալ շաբաթ ամերիկացի լրագրողների հարցին, թե արդյոք նա Պուտինին համարում է պատերազմական հանցագործ, Բայդենը պատասխանել է. «Այո, ես կարծում եմ, որ նա պատերազմական հանցագործ է»։

Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է. «Մենք կապահովենք, որ մեր տվյալները և բացահայտումները օգնեն ռազմական հանցագործությունների հետաքննությանն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին»:

Ամերիկացի փորձագետները ներկայումս փաստագրում և գնահատում են Ուկրաինայում իրականացված հնարավոր ռազմական հանցագործությունները։ Պետքարտուղարությունում այս աշխատանքով կզբաղվի միջազգային քրեական արդարադատության գծով դեսպան Բես Վան Շակը: Սենատը նրա թեկնածությունը հաստատել է անցյալ շաբաթ։

XS
SM
MD
LG