Մատչելի հղումներ

Կիև. Առևտրի կենտրոնի հրետակոծության հետևանքով 8 մարդ է զոհվել


Կիրակի ուշ երեկոյան Կիևի պատմական թաղամասում՝ Պոդիլում, հրթիռակոծվել է առևտրի կենտրոնը և վերածվել ավերակների։ Զոհվել է առնվազն ութ մարդ։ Առեւտրի կենտրոնի տեղում այժմ ծխացող փլատակների կույտեր են և մի քանի հարյուր մետր տարածքով ցրված այրված մեքենաների բեկորներ: Պայթյունի ալիքը ջարդել է մոտակա բարձրահարկ շենքի բոլոր պատուհանները:

Երկուշաբթի օրը հրշեջները շարունակում են բռնկված հրդեհների մարման աշխատանքները, իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Reuters-ի հաղորդագրության համաձայն՝ առևտրի կենտրոնին հարվածելուց անմիջապես հետո վեց դի է մնացել մայթին:

Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ կա ութ զոհ։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ի իր ալիքում գրել է, որ ներկա պահին ստացվող տեղեկությունների համաձայն՝ Պոդիլում վնասվել է մի քանի շենք, ինչպես նաեւ առևտրի կենտրոններից մեկը։

Ինչպես երկուշաբթի օրը բրիտանական ռազմական հետախուզությունն է հայտնել, ռուսական զորքերի մեծ մասը մնում է Կիևի կենտրոնից ավելի քան 25 կմ հեռավորության վրա։

Ուկրաինայի իշխանությունները նաև հայտնել են, որ Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող քիմիական գործարանը, ինչի արդյունքում օդում տարածվել է թունավոր ամոնիակ: Ռուսական ուժերը նաեւ թեւավոր հրթիռներ են արձակել երկրի արևմուտքում գտնվող ռազմական ուսումնական բազայի դեմ:

XS
SM
MD
LG