ԱՄՆ-ի նախագահը նախ կայցելի Բրյուսել, ապա կմեկնի Լեհաստան, ասել է նախագահի մամուլի քարտուղար Ջեն Սաքին։
Լեհաստանն ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ-ի ամենակարեւոր դաշնակիցն է. Այն ոչ միայն հյուրընկալել է ամերիկացի հազարավոր զինվորականների, այլ նաև ընդունել է ուկրաինացի փախստականների ամենամեծ հոսքը: Այստեղ է այս պահին գտնվում ավելի քան 2 միլիոն փախստական Ուկրաինայից:
Ջո Բայդենը Վարշավայում երկկողմ հանդիպում կունենա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, ինչը նախատեսված է շաբաթ օրը՝ մարտի 26-ին։ Նրանք քննարկելու են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի արդյունքում առաջ եկած հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր:
Մարտի 21-ին՝ իր այցից առաջ, Բայդենը կքննարկի Եվրոպայում ռազմական իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։
Ինչպես հայտնում է Սպիտակ տունը, նախագահ Բայդենն այս պահին չի նախատեսում այցելել Ուկրաինա: Այն հիշեցնում է, որ մարտի առաջին կեսին Լեհաստանում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարճ ժամանակով այցելել էր Ուկրաինա՝ ի համերաշխություն արտաքին ագրեսիայի դեմ ուկրաինացի ժողովրդի պայքարին։