Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը պատմության ճիշտ կողմում է ուկրաինական ճգնաժամի համատեքստում
«Չինաստանը երբեք չի ընդունի արտաքին հարկադրանքը կամ ճնշումը, և կհակառակվի Չինաստանի հասցեին անհիմն մեղադրանքներին ու կասկածներին», - ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, նշում է Reuters գործակալությունը:
Վագ Ին այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին զգուշացրել է «հետևանքների» մասին, եթե Պեկինը աջակցի Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։
Տեսակոնֆերանսի ժամանակ Սի Ցզինպինը Բայդենին ասել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի, և ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել վերսկսել երկխոսությունը Մոսկվայի հետ։ Պեկինի խոսքով, այն չի մեղադրել Ռուսաստանին ճգնաժամի համար։
Վան Ին ընդգծել է, որ Սի Ցզինպինի հիմնական ուղերձն այն է, որ Չինաստանը միշտ եղել է համաշխարհային խաղաղությունը պահպանող ուժ. «Չինաստանի դիրքորոշումը օբյեկտիվ է և ազնիվ, և այն համահունչ է աշխարհի շատ երկրների ցանկություններին: Սա հաստատում է, որ Չինաստանը պատմության ճիշտ կողմում է»։
Իր հերթին, Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յուչենը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն անվանել է «աղաղակող»: