Լինդա Թոմաս-Գրինֆիլդ. «Ռուսաստանը կրկին փորձում է օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իր ապատեղեկատվությունը ներկայացնելու, քարոզչություն տարածելու և Ուկրաինայի դեմ չհրահրված ու դաժան իր հարձակումը արդարացնելու համար».
Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որում զգուշացրեց Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի կողմից տարածվող ապատեղեկատվության մասին, նշում է Ռոյթերս գործակալությունը։
Նախազգուշացումը տրվել է այն կապակցությամբ, որ Ռուսաստանը Անվտանգության խորհրդի օրակարգ է ներառել «Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների» թեմայի քննարկումը։
Ռուսական ապատեղեկատվության մասին հատուկ հայտարարություն է արվել վեց երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իռլանդիայի և Ալբանիայի անունից։
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ ուրբաթ օրը Ռուսաստանը «կրկին փորձ է արել օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իր ապատեղեկատվությունը ներկայացնելու, իր քարոզչությունը տարածելու և Ուկրաինայի վրա չհրհրված ու դաժան իր հարձակումը արդարացնելու համար։ Մենք դա գիտենք, քանի որ այս սցենարն արդեն օգտագործվել է: Բառացիորեն մեկ շաբաթ առաջ նույն պատրվակներով Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրվել, որում մենք լսեցինք մի ամբողջ շարան ծիծաղելի կեղծիքների»։
ԱՄՆ դեսպանի խոսքով՝ ուրբաթ օրը Անվտանգության խորհրդի նիստը և Ռուսաստանի տարածած կեղծիքները ծառայում են «մեկ նպատակին՝ ազատվել պատերազմի և դրա պատճառած հումանիտար աղետի պատասխանատվությունից»։
Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կարծում է, որ կարևոր է հիշել, որ «Մոսկվան է, այլ ոչ թե Ուկրաինան, երկար ժամանակ աջակցել կենսաբանական զենքի ծրագրին` խախտելով միջազգային իրավունքը: Նաև Մոսկվայի և ոչ թե Ուկրաինայի հետևում են կանգնած քիմիական զենքի կիրառման պատմությունը, և այս պատմությունը լավ փաստագրված է: Եվ հենց Մոսկվան սկսեց Ուկրաինայում ներկայիս անիմաստ պատերազմը»։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը կարծում է, որ Ռուսաստանը, իր ապատեղեկատվության համար, պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ մյուս երկրները պետք է ասեն ճշմարտությունը, որպեսզի «ռուսական սուտն ու ապատեղեկատվությունը վերածվեն իրական փաստերի։ Պետք է ասել նաև, որ Ռուսաստանը չարաշահում է իր պարտականություններն ու արտոնությունները՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ»։ ՄԱԿ-ի մանդատը դիվանագիտական ճանապարհով խաղաղության հաստատման համար պետք է ծառայի, ասել է Թոմաս-Գրինֆիլդը:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի առաքելությանն ու սկզբունքների խաթարումը և ուկրաինացի ժողովրդի դեմ բռնության սարսափելի արշավը խորապես ամոթալի են»: