Մատչելի հղումներ

Ռուս-հրեա օլիգարխների ֆինանսական միջոցները պաշտպանելու փորձերը


Իսրայելում ԶԼՄ-ները մոլեռանդորեն հետևում էին, թե ինչպես էր ռուս հրեա օլիգարխ Ռոման Աբրամովիչի անձնական ինքնաթիռը մուտք գործում Իսրայելի օդանավակայան:

Աբրամովիչը և ռուսաստանցի այլ օլիգարխներ ունեն ռուս-իսրայելական երկքաղաքացիություն, ուստի Իսրայելի կառավարությունը չի կարող խոչընդոտել նրանց մուտքն Իսրայել կամ խլել Իսրայելում նրանց ֆինանսական կարողությունները:

Սակայն կառավարությունը ձևավորել է աշխատանքային մի խումբ՝ այս ռուս-իսրայելցիների և նրանց դեմ միջազգային պատժամիջոցների վերաբերյալ քաղաքականություն մշակելու համար:

Ինչպես Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն է ասում, «Իսրայելը չի կարող դառնալ միջոց` Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար։

Ենթադրվում է, որ մի քանի տասնյակ ռուս հրեա օլիգարխներ ունեն ռուս-իսրայելական երկքաղաքացիություն, որոնք ֆինանսական նշանակալի հատկացումներ են կատարում Իսրայելին եւ հրեական բարեգործական նպատակների համար:

Աբրամովիչի նկատմամբ պատժամիջցոներ են հաստատվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա սերտ կապերի պատճառով: Կապերն այնքան սերտ են, որ նրան հաճախ են անվանում «Պուտինի դրամապանակ»:

Բացի օլիգարխներից, Իսրայելը կարող է ապաստան դառնալ հրեական ծագում ունեցող հարյուր հազարավոր ռուսների համար, ովքեր ցանկանում են լքել Ռուսաստանը:

Ռուս-իսրայելական ներգաղթի հարցերով իրավաբան Էլի Գերվիցի խոսքերով, վերջին երկու շաբաթվա ընթացքում հազարավոր դիմումներ են ստացվել:

‘’Մարդիկ ցանկանում են լքել Ռուսաստանը, լքել Մոսկվան և ժամանել Իսրայել։ Մարդիկ նաեւ ցանկանում են իրենց ունեցվածքն ու ֆինանսական միջոցները պաշտպանելու համար դրանք տեղափոխել Իսրայել ոչ միայն Ռուսաստանից, այլեւ ամբողջ աշխարհից’’, ասում է նա։

Իրենց ունեցվածքը փրկելու ջանքերը կարող են ավելի բարդանալ պատժամիջոցները խստացնելու կոչով ԱՄՆ-ի Կոնգրեսին Ուկրաինայի նախագահ Զելենսկիի խնդրանքից հետո: Հիշենք նաեւ այն հանգամանքը, որ Պուտինը, Ռուսաստանի փլուզվող տնտեսությունը փրկելու նպատակով, արգելել է Ռուսաստանից դուրս կատարել դրամական փոխանցումներ: Ռուս օլիգարխների վիճակը երանելի չէ:

XS
SM
MD
LG