Մատչելի հղումներ

Ռազմական եւս 800 միլիոն դոլարի օգնություն`Ուկրաինային


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային անվտանգության ապահովման համար 800 միլիոն դոլարի նոր օգնություն հատկացնելու ծրագրին, ի հավելումն այն 200 միլիոնի, որի մասին որոշում էր կայացվել անցած շաբաթ օրը: Այս հատկացումները մաս են կազմում այն 13 մլրդ 600 միլիոն դոլարի ծրագրի, որի շուրջ Կոնգրեսը համաձայնության էր եկել անցյալ շաբաթ:

800 միլիոն դոլարը կտրամադրվի սարքավորումներ, ներառյալ հակաօդային համակարգեր, հակատանկային հրթիռներ, զինված անօդաչու թռչող սարքեր, հրետանային զենքեր, զինամթերք և զրահաբաճկոններ ձեռք բերելու համար:

Ինչպես Ուիլսոնի կենտրոնի վերլուծաբան Մայքըլ Քիմաժն է ասում Skype-ի միջոցով, «Ռուսներին հիմնականում կանգնեցնում և զգալի կորուստներ են պատճառում այս հակաօդային զենքերն ու համակարգերը: Այնպես որ, կարծում եմ, որ կա մարտավարական պատճառ, թե ինչու է ուշադրությունը սեւեռվել սպառազինության հենց այս համակարգերի վրա»։

Չորեքշաբթի օրն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր ԱՄՆ-ի Կոնգրեսին և խնդրել էր Բայդենին.

«Մաղթում եմ, որ դուք լինեք աշխարհի առաջնորդը, իսկ աշխարհի առաջնորդ լինելը նշանակում է լինել խաղաղության առաջնորդ», ասել էր նա:

Սակայն ԱՄՆ-ը ոչ օգնելու է կործանիչներ տեղափոխելու հարցում, ոչ էլ պաշտպանելու է Ուկրաինայում թռիչքազերծ գոտի հայտարարելու առաջարկը:

Վերլուծաբաններից Սթիվեն Բիդըլն էլ այն կարծիքն է հայտնում, թե ուկրաինացիների համար առաջնային սպառնալիքը սովորական տիպի հրետանին է, սովորական հրթիռները և սովորական ցամաքային ուժերը: ‘’Թռիչքազերծ գոտին չի ազդի դրանցից ոչ մեկի վրա, ուստի այն անիմաստ կերպով կարող է սպառնալ էսկալացիայի խորացմամբ’’, ասում է նա:

Այն մտավախությամբ, որ Մոսկվան կարող է ընդլայնել իր հարձակումը՝ թիրախավորելով նաեւ ՆԱՏՕ-ի տարածքները, դաշինքի ղեկավարները ծրագրեր են մշակում Ռուսաստանին զսպելու նոր ուղիների գտնելու համար: Այս մասին Բրյուսելում չորեքշաբթի օրն անցկացված հանդիպման ժամանակ ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ինչ վերաբերում է տեղահանված քաղաքացիներին ցուցաբերվող աջակցությանը, պետք է ասել, որ Կոնգրեսի կողմից հատկացվելիք 13,6 միլիարդ դոլարից 4 միլիարդը կիրառվելու է մարդասիրական նպատակներով, օգնելու համար պատերազմի պատճառով տեղահանված ավելի քան 3 միլիոն ուկրաինացիներին:

XS
SM
MD
LG