Մատչելի հղումներ

Ուկրաինայի ԱԳՆ. Ռուս զինվորականները ռումբ են նետել Մարիուպոլի թատրոնի շենքի վրա


ՌԴ ՊՆ-ն հերքում է այս մեղադրանքը

Ռուս զինվորականները չորեքշաբթի հզոր ռումբ են նետել Ուկրաինայի Մարիուպոլի թատրոնի շենքի վրա, որտեղ հարյուրավոր խաղաղ բնակիչներ պատսպարված էին ռմբակոծությունից, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Դրա մասին գրում է Ռոյթերսը:

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ բազմաթիվ մարդիկ մնացել են փլատակների տակ: Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է ռազմական հանցագործություն կատարելու մեջ։ Զոհերի թիվը դեռևս անհայտ է։ Reuters-ին չի հաջողվել ճշտել այս տեղեկատվության ճշգրտությունը։

Ռուսաստանը հերքում է խաղաղ բնակչության վրա հարձակումը: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը չեն հարվածել շենքին, փոխարենը պայթյունի մեջ մեղադրել են «Ազովի» գումարտակին: Այս մասին ասվում է ՌԻԱ Նովոստիի հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը այս պնդումը հաստատող ապացույցներ չի ներկայացրել։ Ավելի վաղ Ռուսաստանը մեղադրել էր «Ազովի» գումարտակին խստորեն ռմբակոծվող քաղաքից խաղաղ քաղաքացիների դուրս գալը խոչընդոտելու մեջ։

Ամերիկյան Maxar Technologies մասնավոր ընկերությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք արվել են մարտի 14-ին և ցույց են տվել ռուսերեն մեծատառով «երեխաներ» բառը Մարիուպոլի դրամատիկական թատրոնի մոտ:

Maxar-ը խոստացել է հրապարակել թատրոնի շենքի նոր պատկերները՝ դրանք հասանելի լինելուն պես։

XS
SM
MD
LG