Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է արել ԱՄՆ-ին ուժեղացնել տնտեսական ճնշումը Մոսկվայի վրա
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ քննարկել է Ռուսաստանի ներխուժման հետևանքով Ուկրաինայի անվտանգության կարիքների հետ կապված հարցեր, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը, նշում է Ռոյթերսը:
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը հավելել է, որ զրուցակիցները քննարկել են նաև պատերազմին վերջ դնելու շարունակական դիվանագիտական ջանքերը:
Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց ռուս զինվորականների և այլ անձանց նկատմամբ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է մարդու իրավունքների ոտնահարման և ներխուժման մեղսակցության մեջ: Այն նոր պատժամիջոցներ սահմանեց Մոսկվայի մերձավոր դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ:
Բլինքենի հետ զրուցելուց հետո Կուլեբան թվիթերյան իր էջում գրել է, որ ողջունում է ռուսաստանցի պաշտոնյաների դեմ անձնական պատժամիջոցների նոր փուլը, սակայն հավելել է, որ առկա է «Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու» անհրաժեշտություն։
Պետքարտուղարությունը նաև նշել է, որ Կուլեբան և Բլինքենը քննարկել են ընդհանուր մտահոգությունները հակամարտության պատճառով ենթակառուցվածքներին և շենքերին հասցված վնասը, ինչպես նաև ռուսական ներխուժման հետևանքով քաղաքացիական անձանց զոհերի և վիրավորների հետ կապված հարցեր: