Մատչելի հղումներ

Ուկրաինայի տնտեսությունը` միջազգային դոնորներից մեծ կախվածության պայմաններում


Չնայած Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ արդեն երրորդ շաբաթը շարունակվող պատերազմին, այս երկրի տնտեսությունը, այդ թվում բանկերը, շարունակում են գործել:

Ինչպես Միջազգային ֆինանսների ինստիտուտից Էլինա Ռիբակովան է ասում, իրենք ողջունում են Ուկրաինայի իշխանություններին` իրավիճակը կառավարելի դարձնելու համար ցուցաբերած նվիրումի, ջանքերի և հաջողության համար:

Տնտեսությունը փրկելու համար Ուկրաինայի ազգային բանկը իր պետբյուջե է փոխանցել մոտ 630 միլիոն դոլար: Այն նաև սահմանափակել է արտարժույթի բոլոր գործարքները և վերահսկում է փոխարժեքը՝ այն կայուն պահելու համար:

Բանկերը «պարտքերը մարելու արձակուրդներ» են հաստատել իրենց հաճախորդների համար, ասում է Ուկրաինայի Ազգային բանկի խորհրդի անդամ Օլեքսանդր Պետրիկը, որն ասում է նաեւ, թե խնդիրը բանկոմատներն են, քանի որ այս սարքերում կանխիկ գումար տեղադրելը շատ ռիսկային է:

Սակայն տեղական բիզնեսները լուծում գտել են: Ուկրաինայի բանկերի ընկերակցությունը ներկայացնող Գալինա Խեյլոյի խոսքերով, խանութներն այժմ աշխատում են որպես բանկոմատներ: Մարդիկ կարող են կանխիկ գումար ստանալ հենց խանութում:

Այդուհանդերձ, երբ տնտեսության մեծ մասը կանգ է առնում, բնական է, որ փողը շատ արագ է ծախսվում։ Այդ պատճառով, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը մարտի 10-ին հավանություն տվեց Ուկրաինային 1,4 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու առաջարկին: Սակայն Էլինա Ռիբակովայի խոսքերով, «Մտահոգությունն այն է, որ մինչ այժմ քննարկվող վարկերը կարող են բավարարել ոչ թե մեկ տարվա, այլ մեկ ամսվա ֆինանսավորման համար»:

Ուկրաինան կարող է լրացուցիչ միջոցներ ստանալ, ասում է Ուկրաինայի Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Օլեհ Չուրին: «Անցյալ տարի իրականացվեց 650 միլիարդ դոլարին համարժեք Հատուկ փոխառության իրավունքի հատկացում’’, ասում է նա ու ավելացնում, որ հրաշալի կլիներ, եթե զարգացած երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ը կամ եվրոպական երկրները, կարողանային Հատուկ փոխառության իրավունքի իրենց մասնաբաժինը փոխանցել Ուկրաինային: ‘’Եթե այս մեխանիզմը գործի, Ուկրաինայի բյուջեն բավականաչափ միջոցներ կունենա’’, ասում է նա։

Ուկրաինայի Ազգային բանկը ավելի մեծ ծավալով ֆինանսական օգնություն է ակնկալում դոնորներից։

Օլեքսանդր Պետրիկի խոսքերով, Ազգային բանկի գնահատականների համաձայն մոտ ապագայում Ուկրաինան ակնկալում է մոտ 15 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն միջազգային կազմակերպություններից:

Ինչպես փորձագետներն են ասում, չնայած Ուկրաինայի պետական ֆինանսիստների հարաբերական ճկունությանը, իր գործունեությունը պահպանելու համար Ուկրաինային մեծապես է անհրաժեշտ միջազգային մեծ օգնություն:

XS
SM
MD
LG