ԱՄՆ-ի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զորքերը երթով անցնում են Լեհաստանի Կարպատյան լեռների Արլամովի անտառներում: Զորախումբը 5-հազարանոց ամերիկյան զորքերի ավելի լայն տեղակայման մի մասն է: Սա այստեղ արդեն իսկ գտնվող 4 հազար թվակազմով ամերիկյան ուժերի համալրումն է:
ՆԱՏՕ-ն այսպիսով ուղերձ է հղում, որ պաշտպանելու է դաշինքի տարածքի «ամեն մի թիզ»:
Ինչպես ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակիցն է տեղից հաղորդում, Ուկրաինայի սահմանն այս գծից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է: Եվ երբ սահմանից այն կողմ ռուսներն իրականացնում են օդային գրոհներ, ամերիկացի հազարավոր զինվորականներ այս կողմի լեհական անտառներում անցկացնում են զորավարժություններ:
Այսպիսով աճում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատահական բախման հնարավորությունը եւ դրա պատճառով` մեծանում մտավախությունը: Կա նաեւ մտավախություն, որ ՆԱՏՕ-ի զորքերը Արևելյան Եվրոպայում կարող են իրավիճակի սրման դեպքում դառնալ թիրախ:
Բրուքինգսի հաստատությունից Կոնոստանցե Ստելցենմյուլերն հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ն դեռ չի պատրաստվում միջամտություն ցուցաբերել ուկրաինական տարածքում: ‘’Սակայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով ավելի ու ավելի շատ արևմտյան զենքեր են հոսում դեպի Ուկրաինա’’, ասում է նա եւ ավելացնում, որ այժմ հարց է, թե արդյոք շատ վատ կացության մեջ հայտնվելու դեպքում Պուտինը չի մտածի ՆԱՏՕ-ի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի դեմ մարտավարական միջուկային զենք կիրառելու մասին։
Դաշինքը չպետք է թույլ տա Պուտինին խաղալ միջուկային շանտաժի միջոցով, ասում է ՆԱՏՕ-ի քաղաքականության պլանավորման հարցերով նախկին ղեկավար Ֆաբրիս Փոթիերը: Նրա խոսքերով, դաշինքը պետք է այժմ մտածի հավելյալ քայլերի մասին:
Տասնամյակներ շարունակ Ուկրաինան հանդես է եկել որպես բուֆերային գոտի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Բայց եթե Կրեմլի ուժերը գրավեն ամբողջ Ուկրաինան, ՆԱՏՕ-ի զորքերի և ռուս զինվորների միջեւ բաժանարար գիծ այլեւս չի մնա:
Այստեղ չկան սահմանային պարիսպներ: Այստեղ միայն սարեր են ու անտառներ: