Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահի այցը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրներ


Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի ծննդատան և մանկական հիվանդանոցի դեմ, ըստ մեղադրանքների, ռուսական կողմից արձակված կրակից հետո իրադրությունը տեղում սարսափելի էր: Մոսկվան հայտարարում է, որ հիվանդանոցը լցված է եղել ուկրաինացի աշխարհազորայիններով:

Հինգշաբթի օրը Վարշավայում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսն ասել է, թե ԱՄՆ-ը կողմ է, որ սկսվի պատերազմական հանցագործությունների հարցով հետաքննություն: Խոսքը ոչ թե Քրեական հանցագործությունների միջազգային դատարանի, այլ ՄԱԿ-ի Հետաքննող հանձնաժողովի կողմից հետաքննություն սկսելու մասին է: Ի դեպ, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Ռուսաստանն այս դատարանը հիմնելու պայմանագրի կողմեր չեն:

Հարիսն իր այս այցի ընթացքում ընդգծել է նաեւ ՆԱՏՕ-ի արևելյան թեւը ամրապնդելու ԱՄՆ-ի հանձնառությունը եւ ՝ հայտարարել Լեհաստանին երկու Patriot հրթիռների մարտկոցներ մատակարարելու մասին:

Որպես համալրում, ԱՄՆ-ը նոր զորքեր է տեղակայել Լեհաստանում, Ռումինիայում և Գերմանիայում, ինչը Եվրոպայում ամերիկյան ուժերի թվակազմը հասցրել է 100 հազարի:

Չնայած այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ի և Լեհաստանի միջև որոշ տարաձայնություններին, վերլուծաբաններն ասում են, որ ՆԱՏՕ-ն հիմնականում միավորված է ընդդեմ Մոսկվայի:

Նրանցից Միխալ Բարանովսկին ասում է, թե շատերն են զարմացած Արեւմուտքի համախմբվածության փաստով: ‘’Եվ դա հիմնականում ԱՄՆ-ի ղեկավարության արդյունքն է’’, ասում է նա:

Հարիսը Վարշավայում հանդիպել է նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, որոնք երկուսն էլ իրենց համերաշխությունն են հայտնել Ուկրաինային և ՆԱՏՕ-ին:

Հարրիսը հայտարարել է Ուկրաինային հավելյալ 53 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին և շնորհակալություն է հայտնել Լեհաստանին` ավելի քան 1 միլիոն ուկրաինացի փախստականների ընդունելու համար։

Ուրբաթ օրը նա մեկնում է Բուխարեստ՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի արեւելյան դաշնակիցներից Ռումինիայի առաջնորդների՝ հետ:

XS
SM
MD
LG