Ըստ Սպիտակ տան՝ և՛ ԱՄՆ-ն, և՛ Լեհաստանը վճռական են՝ պահպանել անվտանգությունն ու կայունությունը Եվրոպայում։
Ուրբաթ կեսօրին նախագահ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ։
«Նախագահ Ջո Բայդենն այսօր զրուցել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ՝ քննարկելու մեր երկրների արձագանքը, մեր դաշնակիցների և գործընկերների հետ սերտ համակարգմամբ, Ուկրաինա չհրահրված և չհիմնավորված ներխուժմանը, ներառյալ [մեր] շարունակական ջանքերը՝ ապահովելու, որ այն Ռուսաստանի համար ունենա լուրջ հետևանքներ»,- ասված է Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության տեքստում։
«Նախագահ Բայդենն ընդգծել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Լեհաստանի և ՆԱՏՕ-ի մեր բոլոր դաշնակիցների անվտանգությանը: Նա ողջունել է Լեհաստանի գործընկերությունը [ԱՄՆ-ի հետ], որի արդյունքում [Լեհաստանում] տեղակայվել է 9000 ԱՄՆ զինվորական, որից 4700-ը տեղակայվել է այնտեղ վերջին շաբաթներին ՆԱՏՕ-ի արևելյան թևում [ԱՄՆ] դաշնակիցների դիրքերն ամրապնդելու, ՆԱՏՕ-ի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիան խափանելու և ուս ուսի կանգնելու մեր լեհ գործընկերների հետ՝ Եվրոպայում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար»:
«Երկու ղեկավարներն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը [պաշտպանելու] Ուկրաինայի ժողովրդին, ներառյալ նրանց հրատապ հումանիտար օգնություն տրամադրելու կարևորությունը», - նշվում է հաղորդագրության մեջ: «Նախագահ Բայդենը շնորհակալություն հայտնեց նախագահ Դուդային և Լեհաստանի ժողովրդին հյուրընկալության և օգնության համար, որը նրանք ցուցաբերում են 700,000 ուկրաինացիներին և այլ ազգության մարդկանց, ովքեր փախչում են պատերազմից»: