Մատչելի հղումներ

Հայաստանը ձեռնապահ քվեարկեց ՌԴ-ի ագրեսիան դատապարտող ՄԱԿ-ի բանաձևի քվեարկությանը 


Չորեքշաբթի օրը մարտի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ քվեարկեց հօգուտ բանաձևի, որը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և Մոսկվայից պահանջում դադարեցնել ռազմակա գործողությունները և դուրս բերել զորքերը Ուկրաինայից, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Բանաձևը, որին աջակցեցին Գլխավոր վերահաժողովի 193 անդամներից 141-ը, ավարտին հասցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրավիրած արտակարգ նիստը: Քվերակության ընթացքում ուկրաինական ուժերը մարտեր էին մղում Խերսոն նավահանգստային քաղաքի պաշտպանության համար: Այն ենթարկվում է օդային և ցամաքային ավերիչ հարվածների և ռմբակոծությունների: Ավելի ուշ ռուսական ուժերը հայտնեցին քաղաքի գրավման մասին, իսկ ուկրաինական կողմը հայտնեց, որ մարտերը քաղաքի համար շարունակվում են:

Բանաձեւի տեքստը «ափսոսանք է հայտնում» Ռուսաստանի կողմից «Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ»։

Վերջին անգամ Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ է գումարել 1982 թվականին, ասվում է ՄԱԿ-ի կայքում։

Բանաձևին ձեռնպահ են քվեարկել 35 անդամներ, այդ թվում՝ Չինաստանը, Հայաստանը, Հնդկաստանը, Իրանը, Իրաքը, Կուբան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և այլ երկրներ: Հինգ երկրներ՝ Ռուսաստանը, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Էրետրիան դեմ են քվեարկել բանաձևին։ Ադրբեջանը, Վենեսուելան, Ուզբեկստանն ու ևս ինն այլ երկրներ չեն մասնակցել բանաձևի քվեարկությանը:

Թեև Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն, դրանք ունեն քաղաքական նշանակություն:

ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան քվեարկությունից առաջ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և խնդրել ներկայացուցիչներին քվեարկել բանաձևի օգտին:

«Բանաձևի օգտին յուրաքանչյուր քվե և կողմ քվեարկած երկրի յուրաքանչյուր ստորագրություն կլինի [ՄԱԿ-ի] կանոնադրության պատմական վերահաստատում», - ասել է նա։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան հերքել է, որ Մոսկվան թիրախավորում է խաղաղ բնակիչներին և նախազգուշացրել, որ բանաձեւի ընդունումը կարող է խթանել հետագա էսկալացիան։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը իր ելույթում կոչ է արել ՌԴ-ին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և հարգել վերջինիս տարածքային ամբողջականությունը:

XS
SM
MD
LG