Մատչելի հղումներ

«Մեզ չի հետաքրքրում, թե ինչ է ասում Ստոլթենբերգը». Մարիա Զախարովա


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, փետրվարի 16-ին հեռուստատեսային ճեպազրույցում ելույթ ունենալով Ազովի ծովի Մարիուպոլ նավահանգստից, թերահավատորեն է արտահայտվել Ռուսաստանի կողմից ներխուժում իրականացնելու վտանգների մասին:

«Մեզ ոչ մի կանխատեսում չի վախեցնում, մենք որեւէ թշնամուց չենք վախենում», ասել է նա։

Զելենսկին երկուշաբթի երեկոյան ասել էր, որ փետրվարի 16-ը «հարձակման օր» լինելու փոխարեն, ինքն այն կդարձնի միասնության օր։ Ժողովրդին ուղղված իր ուղերձում նախագահն ասել է. «մենք միասին ենք կառուցելու խաղաղ և երջանիկ Ուկրաինա։ Մենք հանգիստ ենք, քանի որ միասին ենք»։

Իսկ ահա Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի կողմից չորեքշաբթի օրն արված հայտարարությանը, թե դաշինքը չունի ռուսական ուժերի հետքաշման մասին փաստեր, հայտարարել է. «Մեզ չի հետաքրքրում, թե ինչ է ասում Ստոլթենբերգը»:

Խոսնակը նաեւ ասել է, թե Միացյալ Նահանգները լարվածություն է հրահրում Ուկրաինայի շուրջ` արգելափակելու «Հյուսիսային հոսք 2» գազատարի իրականացումը: Այս մասին հաղորդում է ‘’Ռոյթերս’’ լրատվական գործակալությունը: Ըստ ‘’Ինտեր ֆաքս’’-ի, Զախարովան նաև ասել է, որ Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանից խլել գազի եվրոպական շուկայի մասնաբաժինը:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների մակարդակով անցկացված հանդիպումից հետո գլխավոր քարտուղարն ասել էր, թե ռուս-ուկրաինական սահմանին լարվածության նվազում դեռևս տեսանելի չէ: ‘’Ընդհակառակը, թվում է, որ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունն այնտեղ’’, ասել էր Յենս Ստոլթենբերգը։

XS
SM
MD
LG