Ջոն Ուքեն, որը ղեկավարում է ամերիկյան մի ստարտափ, մի քանի տարի առաջ է եկել Ուկրաինա: Սակայն այստեղ գալուց հետո նա այդպես էլ չի վերադարձել տուն: Բայց այսօր, երբ ռուսական զորքերը շարունակում են կուտակումներն Ուկրաինայի սահմանի մոտ, Ուքեի ընկերներն ու հարազատները ԱՄՆ-ում անհանգստացած են: Նրանք անընդհատ հաղորդագրություններ են ուղարկում նրան, խնդրելով հնարավորինս շուտ վերադառնալ տուն:
Բայց Ուքեն ասում է, որ ինքը սիրում է կյանքը Կիրեւում եւ կարծում է, որ Պուտինի սպառնալիքը չափազանցված է:
«Եվ եթե նույնիսկ Պուտինը դիմի ներխուժում իրականացնելու քայլին, կարծում եմ, ուկրաինացիները կկարողանան դիմակայել, քանի որ հայրենասեր մարդիկ այստեղ շատ են», ասում է նա:
Ուքեն ավելացնում է, որ իր բոլոր տեղացի ամերիկացի ընկերներն իր նման նույն որոշումն են կայացրել` մնալ եւ շարունակել աշխատանքն Ուկրաինայում:
Բայց իրականում ոչ բոլորն են այս հարցում նրա հետ համամիտ: Ջոել Վասերմանը մի քանի տարի է, ինչ ապրում է Կիևում, դասավանդում է անգլերեն։ Վերջին նորությունները նրան ստիպել են Կիւեւից տեղափոխվել դեպի արևմուտք՝ Լվով:
«Ես չեմ ուզում մի օր իմ շուրջը տեսնել թափվող ռումբեր կամ հրետանային արկեր ու հրթիռներ: Ես ուզում եմ հեռու մնալ նման բաներից», ասում է նա։
Վերջին մեկ տասնամյակի ընթացքում այստեղ է ապրում նաեւ ԱՄՆ-ի բանակայն նախկին բժիշկ Դեյվիդ Փլասթերը: Նա հաճախ է որպես կամավոր մեկնում Դոնբասի շրջան՝ զինվորականներին մարտավարական շտապ բժշկություն սովորեցնելու համար:
Եթե Ռուսաստանը ներխուժի, Փլասթերն ասում է, որ ինքը չի հեռանա: Ավելին, նա միացել է Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերին, որպեսզի անհրաժեշտության դեպքում պաշտպանի Կիևը:
«Մեզնից շատերն ունեն ամերիկյան, բրիտանական, եվրոպական անձնագրեր: Այնպես որ, կարող են ուզած պահի հեռանալ այստեղից: Բայց ինչու հեռանանք, երբ կարող ենք մնալ այստեղ ու ցույց տալ Պուտինին և ամբողջ աշխարհին, որ չենք վախենում», ասում է բժիշկ Փլասթերը: ։
Շատ այլ օտար քաղաքացիներ այստեղ ունեն Փլասթերի տեսակետները: ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի և Գերմանիայի քաղաքացիները վերջերս մասնակցեցին միջազգային համերաշխության երթին՝ ընդդեմ Ռուսաստանի ագրեսիայի:
Մասնակիցներից Փոլ Նիլանդն ասում է, թե մի շարք երկրների դեսպաններ են իրենց քաղաքացիներին կոչ արել հեռանալ: «Բայց սա իմ տունն է, այստեղ ես ապրում եմ, ես ոչ մի տեղ չեմ գնալու», ասում է նա:
«Մենք այստեղ ենք եկել մնալու համար: Մենք ոչ մի տեղ չենք գնալու», այսպես է մնալու իր որոշումը մեկնաբանում ամերիկացի Ջոն Շմորհուն, երբ լարվածությունը սահմաններին սրվում է, անորոշությունը` խորանում, հեռանալու հորդորներն` ավելանում: