Մատչելի հղումներ

Պուտինը ցույց է տալիս լարվածությունը թուլացնելու նշաններ, ասում են վերլուծաբանները


Երեքշաբթի օրը Պուտինը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ նախազգուշացրեց, որ եվրոպական երկրները ինքնակամ կերպով կներքաշվեն Ռուսաստանի հետ «առանց հաղթողների» պատերազմի մեջ, եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, իսկ հետո փորձի վերականգնել վերահսկողությունը Ղրիմի թերակղզում:

Սակայն Կրեմլի մամուլի ասուլիսում, որն ավարտվել է գիշերը ժամը 01:00-ից հետո, նա նաև ասել է, որ երկխոսությունը չի ավարտվել, և որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի որոշ առաջարկներ արժե քննարկել:

Նա հավելել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի «որպեսզի գտնի ... փոխզիջումներ, որոնք ընդունելի են բոլորի համար»։

Մոսկովյան երկու վերլուծաբաններ ասում են, որ Պուտինի հայտարարությունները, որոնք արվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ժամեր տեւած բանակցություններից հետո, ցույց են տալիս, որ նա լրջորեն է վերաբերվում բանակցություններին:

«Իհարկե, նա հավատարիմ է մնում իր դիրքերին, բայց ինձ մոտ տպավորություն չի ստեղծվում, որ նա էսկալացիայի տրամադրություն ունի», - ասել է Ռուսաստանի միջազգային հարցերով խորհրդի ղեկավար Անդրեյ Կորտունովը։

Ըստ Կորտունովի, սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսության գնալը կարող է բխել Պուտինի շահերից։ «Ինչ-որ իմաստով դա կարող է բավարարել նրա պահանջները, քանի որ եթե Եվրոպայում սպառազինությունների վերահսկման լուրջ բանակցություններ անցկացվեն, ապա այդ բանակցությունները կարող են խանգարել ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքներին մոտենալու ռուսական սահմաններին»,- ասել է Կորտունովը։

«Եթե դա է նրա մտահոգության հիմքում, ապա նա կարող է փորձել լուծել խնդիրը այս կերպ։ Բայց, իհարկե, նա դժվար թե ամբողջությամբ հրաժարվի իր հիմնական պահանջից»,- հավելել է վերլուծաբանը։

«Ռուսաստանը գլոբալ հարցերում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովն ասում է, որ եթե Մոսկվան չկարողանա Արևմուտքին ստիպել խոստանալ, որ Ուկրաինան չի ընդգրկվելու ՆԱՏՕ-ի կազմում, Կրեմլը կարող է փորձել հասնել նույն նպատակին 2014-2015թ Մինսկի փոփոխված համաձայնագրերի միջոցով:

Մակրոնի հետ բանակցություններից հետո Պուտինն ընդգծել է, որ Մինսկի համաձայնագրերն այլընտրանք չունեն։

Համաձայնագրերը սահմանադրական հատուկ կարգավիճակ են նախատեսում ուկրաինական երկու շրջանների համար, որտեղ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները 2014 թվականից կռվում են ուկրաինական բանակի դեմ։

Այս հատուկ կարգավիճակի որոշ մեկնաբանություններ կարող են խոչընդոտ դառնալ դեպի ՆԱՏՕ Ուկրաինայի ճանապարհին, հատկապես, եթե երկու ռուսամետ տարածաշրջաններին հնարավորություն տրվի ինքնուրույն բանակցել Մոսկվայի հետ անվտանգության համաձայնագրերի շուրջ, ինչին Կիևը կտրականապես կընդդիմանա։

Լուկյանովը խոստովանել է, որ Արևմուտքից զգալի ճնշում կպահանջվի, որպեսզի Ուկրաինան բանակցի անջատողականների հետ և համաձայնի արևելյան շրջանների ինքնավարությանը։

Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ «նոր համաձայնագրի ուրվագծերը կարող են ի հայտ գալ» հակամարտությունն այս կամ այն ձևով լուծելու արդյունքում՝ զուգորդված Մակրոնի առաջարկած գաղափարների հիման վրա Եվրոպայում անվտանգության նոր մեխանիզմների և սպառազինությունների վերահսկման նոր միջոցների մասին հայտարարությամբ:

«Ես լավատեսություն եմ հայտնում, բայց շատ զգուշավոր»,- ասել է Լուկյանովը։

XS
SM
MD
LG