Մատչելի հղումներ

Զորքերի կուտակումներ` սահմանին, դիվանագիտական ջանքեր` մայրաքաղաքներում


Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Միացյալ Նահանգները և Գերմանիան ունեն իրենց քայլերը համակարգելու հարցում համաձայնություն: Ջո Բայդենի եւ Օլաֆ Շոլցի խոսքերով, այդ դեպքում Ռուսաստանը կկանգնի դաժան հետևանքների առջեւ:

Անվտանգության մասին մտահոգություններ հայտնելով, Մոսկվան ավելի քան 100, որոշ հաշվարկներով` 130 հազար թվակազմով ուժեր է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին:

Կիրակի օրը ամերիկյան 1700 թվակազմով հատուկ ջոկատայիններ էլ ժամանեցին Լեհաստանի հարավ-արևելք՝ տեղակայվելո ուկրաինական սահմանի մոտ։ Բայդենն ասում է, թե կարծում է, որ դիվանագիտական լուծումը դեռ հնարավոր է:

‘’Այսօր ես և կանցլերը քննարկեցինք մեր սերտ համագործակցությունը, մշակեցինք պատժամիջոցների խիստ փաթեթ, որն ընդգծում է միջազգային վճռականությունը և արագ ու ծանր հետևանքները, որոնք կկանգնեն Ռուսաստանի առջեւ’’, ասել է Բայդենը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել նման հայտարարությամբ, սակայն առանց սպառնալու դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը: Հիշեցնենք, որ խողովակաշարը ամեն տարի Ռուսաստանից նախատեսում է Եվրոպա առաքել 55 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։

Իսկ ահա Բայդենը լրագրողներին հավաստիացրել է, որ գազամուղն իսկապես կդադարեցվի, եթե Ռուսաստանը ներխուժում իրականացնի: ‘’Այդ դեպքում «Հյուսիսային հոսք 2» չի լինի’’, ասել է Բայդենը:

Նախկին կանցլեր Անգելա Մերքելը բացահայտորեն համաձայն չէր Բայդենի այս տեսակետին, սակայն այդ դիրքորոշումն այսօր կարող է փոխվել, ասում են վերլուծաբանները:

Ինչպես Ջոնս Հոփկինսի համալսարանի վերլուծաբան Ջեֆրի Ռաթքեն է ‘’Զում’’-ի միջոցով հիշեցնում, ‘’Գերմանիայի կառավարությունը և կանցլեր Շոլցը խոստովանել են, որ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դեպքում նույնիսկ «Հյուսիսային հոսք 2» գազատարի հարցը կդրվի սեղանին»:

Այս խորացող հակամարտությանը լուծում տալու ջանքերի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ երկուշաբթի օրը հանդիպել էր Պուտինին: Շոլցը նույնպես նախատեսում է այց դեպի Մոսկվա, որից մեկ շաբաթ առաջ նախատեսում է այց դեպի Կիեւ:

Մի կողմից ավելանում է զորքերի թվակազմը սահմանին, մյուս կողմից խորանում են դիվանագիտական ջանքերը սահմաններից հեռու:

XS
SM
MD
LG