Մատչելի հղումներ

Չինացի թենիսիստուհին հերքում է սեռական ոտնձգության մասին իր նախկին գրառումը


Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Պենգի անվտանգության հարցը համաշխարհային անհանգստության առարկա դարձավ, երբ նա սոցիալական ցանցերում հայտնվեց այն պնդումներով, թե Չինաստանի նախկին փոխվարչապետ Չժան Գաոլին նախկինում իր նկատմամբ սեռական ոտնձգություն է թույլ տվել:

Պեկինի հյուրանոցներից մեկում ֆրանսիական L'Equipe թերթին տված հարցազրույցում Պենգը հերքել է, որ ինքը նման մեղադրանքներ է ներկայացրել:

«Տեքստում, որը մենք կարդում էինք Եվրոպայում, դուք ինչ-որ մեկի մեղադրել եք սեռական ոտնձգության մեջ: Ի՞նչ եք իրականում գրել, մենք չենք հասկանում», - հարց է տվել թերթի լրագրողը:

«Ես երբեք չեմ ասել, որ ինչ-որ մեկը ինչ-որ կերպ սեռական ոտնձգություն է թույլ տվել իմ նկատմամբ»,- ասել է Փենգը՝ չմանրամասնելով:

Twitter-ի օրինակով չինական Weibo-ում իր այժմ ջնջված գրառման մեջ Պենգը գրել էր «ինչո՞ւ ինձ տարար քո տուն և ստիպեցիր ինձ հարաբերություններ ունենալ քեզ հետ»: Չժանի հետ հարաբերությունները նա նաեւ անվանել էր ‘’անորոշ, մեկանգամյա հարաբերություններ։

Այս գրառումը ստիպել է Կանանց թենիսի ընկերակցությանը դադարեցնել մրցաշարերը Չինաստանում և առաջ բերել միջազգային զայրույթ նրա անվտանգության վերաբերյալ:

Սկանդալը մեծապես գրաքննության է ենթարկվել Չինաստանի խիստ վերահսկվող կիբերտարածքում, և Weibo-ում Փենգի անվան որոնումները որեւէ նոր տեղեկություն չեն ընդգրկում:

Փենգը ֆրանսիական թերթին ասել է, որ այս հարցը «մեծ թյուրիմացություն» է առաջացրել եւ կրկնել, որ ինքը չի ցանկանում «հետագա մեդիա աժիոտաժ» այս հարցով:

Նա նաև փորձել է փարատել իր անվտանգության հետ կապված մտավախությունները՝ ասելով, որ նոյեմբեր ամսից ի վեր իր կյանքում «առանձնահատուկ բան տեղի չի ունեցել»: Նա հերքել է նաեւ այն տեղեկությունները, որոնց համաձայն այս պատմուտթյունը սկսվելուց հետո ինքը «անհետացել էր »հասարակության ուշադրությունից:

Ըստ ‘’Ռոյթերս’’-ի, Պենգը նաեւ ասել է, որ շաբաթ օրը ընթրիքի սեղանի շուրջ հանդիպել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ և քննարկել իր ապագան:

Երկուշաբթի օրը Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ Պենգը մասնակցելու է մի քանի օլիմպիական խաղերի: Նա նաև նախատեսում է համաճարակից հետո մեկնել Եվրոպա և այցելել Շվեյցարիայում ՄՕԿ-ի կենտրոնակայան:

Փենգը նաև ասել է, որ ծնկի նախկին վնասվածքը, որը պահանջել էր մի քանի փուլով վիրահատություն, և իր տարիքը քիչ հավանական են դարձնում պրոֆեսիոնալ մրցումներին իր հետագա մասնակցությունը:

XS
SM
MD
LG