«Դաեշ»-ի առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշիին իր իսկ տանը ոչնչացնելու հինգշաբթի օրվա գործողությանը Սպիտակ տնից ուղիղ կապով հետևել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Ինչպես Բայդենն է ասել, այս ահաբեկիչը պաշտպանվելու նպատակով իրեն շրջապատել էր տարբեր ընտանիքների անդամներով, այդ թվում երեխաներով, ինչի պատճառով նրան ոչնչացնելու համար իրականացվել է ամերիկյան ուժերի համար ավելի վտանգավոր գործողություն` հատուկջոկատայինների մասնակցությամբ: ‘’Հակառակ դեպքում նրան ոչնչացնելու համար կկիրառեինք օդային գրոհ’’, ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ գործողությունն իրականացրած ուժերը կոչ են արել քաղաքացիական անձանց դուրս գալ շենքից, որից հետո այստեղից հեռացրել են ամուսնական մեկ զույգի ու նրանց չորս երեխաներին: Դրանից հետո տեղի է ունեցել ուժգին պայթյուն:
«Որպես հուսահատության արդյունքում վախկոտ մի արարք, հաշվի չառնելով իր իսկ ընտանիքի անդամների կամ շենքում գտնվող մյուսների կյանքը, նա նախընտրեց պայթեցնել ինքն իրեն: Ու նա դա արեց ոչ թե իր իսկ մարմնին կապված պայթուցիկներով, այլ պայթեցրեց ամբողջ երրորդ հարկը’’, ասել է Բայդենը:
Պայթյունն այնքան հզոր է եղել, որ ինչպես զինվորականներն են պատմում, մարդկանց մարմինները դուրս են շպրտվել շենքից: Մատնահետքերը և ԴՆԹ-ի թեստավորումները ցույց են տվել, որ Քուրաշին մահացել է կնոջ և երկու երեխաների հետ միասին: Սակայն վտանգն այդքանով չի ավարտվել:
Ինչպես ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Ֆրենք ՄաքՔենզին է ասել, բարիկադավորված երկու զինյալներ, թաքնված լինելով երեխաների մեջ, սկսել են կրակել ամերիկյան զորքերի ուղղությամբ: Այս փոխհրաձգության արդյունքում մեկ երեխա է զոհվել, սպանվել է երկու զինյալ, որոնցից մեկը` կին:
Ամերիկացի որեւէ զինվորական չի տուժել:
Պենտագոնը հայտարարում է, որ ուղղաթիռներից մեկի մեխանիկական խափանման պատճառով այն կատարել է նշանակետից հեռու մի վայրում ստիպողական վայրէյք, որից հետո ամերիկացի զինվորականները պայթեցրել են ուղղաթիռը, որպեսզի այն չանցնի թշնամուն:
Քուրաշին, որը հայտնի էր մի քանի անուններով, «Իսլամական պետությունը» ղեկավարել է ավելի քան երկու տարի: Նա էր Հասաքայի բանտի դեմ անցյալ ամիս իրականացված հարձակման կազմակերպիչը: Նա էր ղեկավարում ‘’Իսլամական պետությունը’’, երբ անցյալ տարի ահաբեկչական այս խմբավորման Աֆղանստանի մասնաճյուղը մահացու հարձակում իրականացրեց Քաբուլի օդանավակայանում:
‘’Բոլորս պիտի երջանիկ լինենք, որ այս մարդն այլեւս չի քայլում երկրագնդի վրա’’, ասել է խոսնակ Քըրբին:
Ամերիկացի պաշտոնյաները Քուրաշիի մահը համարում են մեծ ապտակ ահաբեկչական խմբավորման դեմքին: