Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին է մեղադրում Ուկրաիայի շուրջ առաջ եկած ճգնաժամի պատճառով: Նրա խոսքերով, Ուկրաինային որպես գործիք օգտագործելով, ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն փորձում են ճնշել իր երկիրը: ‘’Դա կարելի է անել մի քանի եղանակով, եւ նրանք ընտրել են մեզ ինչ-որ զինված հակամարտության մեջ ներքաշելու եղանակը’’, ասել է Պուտինը:
Սակայն փորձագետները նշում են, որ Պուտինն է մոտ 130 հազար թվակազմով ուժեր տեղակայել Ուկրաինայի սահմանին, Ղրիմում և Բելառուսում, որպեսզի պնդի իր պահանջը, պահանջ, որ ՆԱՏՕ-ն դուրս բերի իր ուժերի մի մասը Արևելյան Եվրոպայից և խոստանա իր կազմում երբեք չընդունել Ուկրաինան:
Ռազմական այս կուտակումներով, սակայն, Պուտինն իրեն սեղմել է մի անկյունի մեջ, ‘’Սկայպ’’-ի միջոցով ասում է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ռազմական վերլուծաբան Ջեֆրի Էդմոնդսը:
‘’Նա շատ լավ է հասկանում, որ իր այդ ծավալի մաքսիմալիստական պահանջներն իրականում մենք չենք կարող ընդունել: Մենք չենք պատրաստվում, ինչպես Պուտինն է պնդում, հետ քաշել ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքը մինչեւ 1997 թվականի մակարդակը’’, ասում է նա ու ենթադրում, որ Մոսկվան այժմ մի հարմար առիթ է փնտրում ռազմական գործողություններ իրականացնելու համար:
Փորձագետներն ասում են, թե Պուտինը ցանկանում է համոզվել, որ Ռուսաստանը դեռևս դիտարկվում է համաշխարհային ասպարեզում որպես գլխավոր դերակատար: «Պուտինի աշխարհը» գրքի հեղինակ Անջելա Ստենթի խոսքերով, ‘’Պուտինը կարծում է, որ աշխարհը պետք է Ռուսաստանին վերաբերվի այնպես, ինչպես վերաբերվում էր Խորհրդային Միությանը: ‘’Նա ցանկանում է, որ իրեն վերաբերվեն որպես մեծ տերության ղեկավարի, որի հայացքները հարգված են, երկիր, որից վախենում են եւ ընդունում, որ այն ունի հարեւանների նկատմամբ ազդեցության գոտի հաստատելու իրավունք’’, ասում է Ստենթը:
Բայց այն, ինչից Պուտինն իրականում ամենից շատ վախենում է, դա սեփական ժողովրդի անհամաձայնությունն է, ասում է վերլուծաբան Բիլ Բրաուդերը, հիշեցնելով, որ ռուսներն այսօր շատ ավելի վատ պայմաններում են ապրում, քան այն ժամանակ, երբ Պուտինը եկավ իշխանության:
''Երբ ժողովուրդդ սկսում է մեղադրել ու ատել քեզ, այնպես արա, որ այդ մեղադրանքներն ու ատելությունն ուղղվեն ընդդեմ այլոց'':