‘’Քանի որ Ռուսաստանը շարունակում է կուտակել իր ուժերը Ուկրաինայի շուրջը, մենք պատրաստ ենք ամեն մի քայլի, ինչ էլ որ պատահի’’, ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:
Վաշինգտոնը դիմում է կոշտ խոսելաձեւի, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է հազարավոր թվակազմով զորքեր տեղակայել Ուկրաինայի սահմանի երկայնքով՝ ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլև Բելառուսում: Սպիտակ տունը հայտնում է, որ ավելի քան 105,000 ռուս զինվորականներ գրեթե շրջափակել են Ուկրաինան: Ռուսաստանը դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ուկրաինայի փորձին և պահանջում է, որ ԱՄՆ-ը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ամենահզոր անդամը, արգելի Ուկրաինայի մուտքը։
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետը կոչ արեց Անվտանգության խորհրդին այդ հարցը հրապարակայնորեն քննարկել: ԱՄՆ-ի դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի խոսքերով, «Իրավիճակը Եվրոպայում վտանգավոր է ու պայթյունավտանգ: Ռուսաստանի գործողությունները հարվածում են ՄԱԿ-ի կանոնադրության հիմքերին: Եվ սա նույնքան հստակ և հետևողական սպառնալիք է խաղաղությանն ու անվտանգությանը’’, հայտարարեց նա:
Ռուսական կողմն այս ելույթին պատասխանել է խիստ խոսքերով: ՄԱԿ-ում Ռուսասաստանի դեսպեան Վասիլի Նեբենզիան հայտարարել է, թե Ամերիկան է ուզում, որ լինի այդ պատերազմը: «Դուք սպասում եք, որ դա տեղի ունենա: Սակայն մեր կողմից պատերազմի մասին որեւէ խոսք չի եղել: Ռուս քաղաքական կամ հասարակական որեւէ գործչի շուրթերից Ուկրաինա պլանավորված ներխուժման սպառնալիք չի հնչել», ասել է Նեբենզիան:
‘’Միջուկային երկու գերհզոր պետությունների միջեւ նման վեճը շատ վտանգավոր է’’, «Ամերիկայի Ձայն»-ի հետ Skype-ի միջոցով հարցազրույցի ընթացքում ասել է վերլուծաբան Անժելա Ստենթը: ‘’Կայուն Եվրոպան բխում է ԱՄՆ-ի շահերից, ինչի մասին է խոսում Ուկրաինային ավելի քան 200 միլիոն դոլարի անվտանգության օգնություն ուղարկելու փաստը’’, ասել է նա:
Այս լարվածության պայմաններում ավելի են մտերմանում Ռուսաստանը և ԱՄՆ-ի գլխավոր մրցակից Չինաստանը: Քանի որ ԱՄՆ-ը սպառնում է ծանր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և նույնիսկ անձամբ Պուտինի դեմ, Մոսկվան Ուկրաինա ներխուժելու դեպքում աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսության աջակցության կարիքը կունենա:
Վերլուծաբաններից Էնդրյու Լոհսենը ‘’Զում’’-ի միջոցով ասում է, թե տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանին որոշակի չափով կմղեն դեպի Չինաստանի հետ նորացված հարաբերությունների: ‘’Սակայն երկարաժամկետ հեռանկարում այս համագործակցությունը կվնասի Ռուսաստանի տնտեսությանը’’, ասում է նա ու ավելացնում, որ այդ մասին գիտակցում են Մոսկվայում, ինչի պատճառով էլ բանակցությունների սեղանից լիովին չեն հեռանում:
2008 թվականին, երբ ընթանում էին Օլիմպիական ամառային խաղերը Չինաստանում, Ռուսաստանը ներխուժում իրականացրեց դեպի Վրաստան:
Արդյո՞ք իրադրությունն այսօր ավելի պայթյունավտանգ չէ, երբ նույն Չինաստանում պատրաստվում են սկսել Ձմեռային օլիմպիական խաղերը փետրվարի 4-ին: