Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը, ի պատասխան Ռուսաստանի պահանջներին, հորդորել է վերականգնել հրթիռների մասին պայմանագիրը


ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների հարցով Մոսկվայի պահանջին ի պատասխան առաջարկել է համաձայնության գալ միջուկային զենքի սահմանափակման շուրջ։ Դա կարող է դառնալ միջին հեռահարության եւ մոտ նշանառության հրթիռները ոչնչացնելու մասին պայմանագիրը վերահաստատելու պատճառ: Հիշեցնենք, որ պայմանագիրն ավարտվել էր 2019 թվականին։ Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Մոսկվային հանձնված փաստաթղթերին ծանոթ աղբյուրներին։

Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները պատրաստ են նաև Ռուսաստանի հետ քննարկել զորավարժությունների փոխադարձ սահմանափակումները։ Մասնավորապես, առաջարկվում է դրանք անցկացնել սահմաններից հեռու, որպեսզի զորավարժությունները չընկալվեն որպես հարևան երկրի վրա հարձակման նախապատրաստություն։

Միջին հեռահարության եւ մոտ նշանառության հրթիռների մասին պայմանագիրը ստորագրվել էր ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողմից 1987 թվականին։ Փաստաթուղթն արգելում էր երկու այս երկրներին մշակել, ծառայության մեջ դնել և զարգացնել ցամաքային բալիստիկ և թեւավոր հրթիռներ։ 2018 թվականին Միացյալ Նահանգները հայտարարեց պայմանագրից դուրս գալու մասին, իսկ 2019 թվականին այն դարձավ անվավեր։ Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում էր 9M729 հրթիռի մշակման պատճառով պայմանները խախտելու մեջ։ Ռուսաստանը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ հրթիռի հեռահարությունը չի գերազանցում 500 կիլոմետրը։

Անցյալ տարվա աշնանից ԱՄՆ-ը հայտարարում է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացման մասին։ Արեւմտյան երկրները խոսում են հարեւան երկիր ռուսական ներխուժման իրական սպառնալիքի մասին։

Մոսկվան հերքում է ներխուժման ծրագրերը. Արևմտյան երկրներն ասում են, որ եթե դա տեղի ունենա, իրենք «աննախադեպ» պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։

Անցյալ տարվա դեկտեմբերին, Ռուսաստանը մի շարք պահանջներ ներկայացրեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, մասնավորապես՝ հրաժարվել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումից և Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռների և ԱՄՆ միջուկային զենքի տեղակայումից:

Հունվարի բանակցությունները հաջողության չհանգեցին, բայց կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումը։

Հունվարի 26-ին ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել ռուսական պահանջների մասին գրավոր պատասխանները։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ փաստաթղթի բովանդակությունը չի հրապարակվի և ակնկալում է, որ Ռուսաստանը նույնպես գաղտնի կպահի այն:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն ուրացել ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքները, ինչպիսին է նոր անդամների մուտքի համար Դաշինքի բաց լինելու քաղաքականությունը։

XS
SM
MD
LG