Մատչելի հղումներ

Ռուս-ուկրաինական սահմանը` պատերազմի ուրվականին դեմ հանդիման


Ուկրաինայի ձնածածկ սահմանի երկայնքով լարվածությունը թեժանում է, երբ Ռուսաստանը նորանոր ուժեր է տեղակայում այնտեղ: Նախագահ Պուտինը հրամայել է ռազմական մեքենաներ տեղափոխել դեպի Բելառուսի հարավային սահմաններ՝ այստեղ հաջորդ ամիս համատեղ զորավարժություններ անցկացնելու համար: Իսկ դա Ուկրաինայի մայրաքաղաքից գտնվում է միայն 75 կիլոմետր հեռավորության վրա:

Բայդենի վարչակազմը պատրաստ է լինել ՆԱՏՕ-ի իր գործընկերների կողքին, ասել է մամուլի քարտուղար Ջեն Սաքին։

«Չնայած մենք չենք կարող մտնել նախագահ Պուտինի մտքերի մեջ, սակայն տեսնում ենք, թե ինչ նախապատրաստություններ են նրանք իրականացնում սահմանին», ասել է Սաքին:

Միացյալ նահանգները, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ այս հարցում համագործակցության նշան, հայտարարել է, որ 8500 զինվորականներ է պատրաստվում տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներում եւ պատրաստվում է Կիեւից դուրս բերել իր դեսպանության աշխատակազմի մի մասին:

Նախագահ Ջո Բայդենն արդեն մի քանի օր է, որ չի խոսում այս հարցի շուրջ եւ նույնիսկ շրջանցում է այդ առնչությամբ իրեն հղված հարցերը: Նա հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարության հետ, երբ կողմերն ընդգծել են խնդիրը դիվանագիտական եղանակով կարգավորելու իրենց ցանկությունը, քննարկել են Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ սկսելու հարցը, ինչպես նաեւ` ՆԱՏՕ-ի արեւելյան գիծն ամրապնդելու կարեւորությունը:

Այս ընթացքում ուկրաինական ուժերը պատրաստվում են հնարավոր ներխուժման, եւ կասկածի տակ առնում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիվանագիտական գործընթացը: Ինչպես ուկրաինացիներից շատերն են ասում, սխալ է, երբ Ռուսաստանը և ԱՄՆ-ը քննարկում են Ուկրաինայի հարցը, առանց ուկրաինական կողմի մասնակցության:

Ռուսաստանի հարցերով վերլուծաբաններն ասում են, թե Ռուսաստանը փորձում է բանակցել Ուկրաինայի ապագայի մասին՝ առանց Ուկրաինային ներգրավելու: Սակայն նրանք ասում են նաեւ, թե չեն կարծում, որ հակամարտությունն անխուսափելի է: Նրանք այս հարցում կարեւորում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաքելությունը:

Ռուսաստանի հարցերով որոշ վերլուծաբաններ ասում են, որ Պուտինը երկար խաղ է խաղում: Նրանցից Լեոն Արոնի խոսքերով, Պուտինը զննում է եւ փորձարկում ՆԱՏՕ-ին: ‘’Իսկ այս օրերին ՆԱՏՕ-ն ցույց տալիս մեծ տատանումներ ու տարաձայնություններ: Եվ այս առումով Պուտինն ամրապնդում է այս հարթակում իր դիրքերը», ասում է նա։

Ու երբ Արեւմուտքը քննարկում է իր անելիքները, վերլուծաբանները` ներկայացնում իրենց տեսակետները, ռուս-ուկրաինական սահմանին մոտենում է պատերազմի ուրվականը:

XS
SM
MD
LG