Մատչելի հղումներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տալիս


Armen Sargsyan
Armen Sargsyan

ՀՀ Արմեն Սարգսյանը հրաժարական տալու մասին հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքէջի միջոցով։ Նախագահը նշում է, որ շատ երկար է մտածել և որոշել է մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից և այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի կողմից 2018-ի մարտի 2-ին ընտրվել է նախագահ, պաշտոնը ստանձնել է 2018 թվականի ապրիլի 9-ին՝ հեղափոխությունից մեկ ամիս առաջ։

Ներկայացնելով նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկությունն ընդունելու իր հիմնավորումները, նախագահը մեկնաբանում է, թե ինչու հրաժարական չտվեց հեղափոխությունից անմիջապես հետո․ «Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը»:

Նախագահը հայտարարության մեջ բացատրում է, որ Հայաստանում նախագահի ինստիտուտին վերապահված լիազորություններն անբավարար են երկրում կարևորագույն որոշումներին մասնակից լինելու համար, մասնավորապես՝ «Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:․․․ Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա․․․»:

«Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, - ասվածէ հայտարարության մեջ,- երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն: Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում:

Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում»:

Հայտարարության մեջ կետ առ կետ նշված են, թե ինչպիսի կարևոր լիազորություններ չունի ՀՀ նախագահը․ իրականությունն ըստ հայտարարության հետևյալն է․ «Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ: Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման: Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին: Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա»:

Նա շեշտել է, որ պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից: Եվ այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ․ «Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»:

Համաձայն Սահմանադրության(Հոդված 142.Հանրապետության նախագահի հրաժարականը), «Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից: Նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նրա լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը Սահմանադրույունը վերապահում է ՀՀ ԱԺ նախագահի( Հոդված 144.) «Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը»:

Նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն:

XS
SM
MD
LG