Մատչելի հղումներ

Բլինքեն-Լավրով հանդիպումից առաջ` կողմերի հայտարարությունները


ԱՄՆ-ի պետքարտուղար էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել են, որ իրենք չեն ակնկալում արագ լուծել Ուկրաինայի շուրջ իրենց տարաձայնությունները ուրբաթ օրը Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների ժամանակ:

Նրանք այս մասին հայտարարությամբ են հանդես եկել բանակցություններից անմիջապես առաջ:

«Դուք վերջերս եվրոպական շրջագայության ժամանակ ձեր հայտարարություններից մեկում նշել եք, որ այս հանդիպումից բեկում չեք ակնկալում: Մենք բանակցություններում նույնպես բեկում չենք սպասում: Մենք ակնկալում ենք, որ որոշակի պատասխաններ կտրվեն մեր որոշակի առաջարկներին: Առաջարկները չափազանց հստակ են, և մենք ակնկալում ենք, որ պատասխանները կլինեն նույնքան հստակ եւ լիովին կհամապատասխանեն ամենաբարձր մակարդակով ստանձնած պարտավորություններին, որոնք արձանագրվել են ԵԱՀԿ-ի շրջանակներում», ասել է Լավրովը։

Բլինքենն ասել է, որ Ուկրաինայի շուրջ շաբաթներ տևած դիմակայությունը գտնվում է «ծայրաստիճան ծանր ընթացքի մեջ» և զգուշացրել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է «միասնական, արագ և կոշտ պատասխանի», եթե Ռուսաստանը որոշի ներխուժել Ուկրաինա:

«Մենք բոլորս հավասարապես հավատարիմ ենք դիվանագիտության և երկխոսության հնարավորություններին, որոնց միջոցով ենք փորձում լուծել մեր տարաձայնությունները: Բայց մենք նաև հավատարիմ ենք մեր պարտավորություններին, եթե դա անհնար դառնա, և Ռուսաստանը որոշի ագրեսիա իրականացնել Ուկրաինայի դեմ: Այդ քայլը կարժանանա՝ միասնական, արագ և կոշտ պատասխանի», ասել է Էնթոնի Բլինքենը։

Բլինքեն-Լավրով այս հանդիպումը վերջին օրերի ընթացքում նրանց միջեւ անցկացվող թվով չորրորդ հանդիպումն է:

Արևմուտքը պահանջում է, որ Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը և զենքերը Ուկրաինայի սահմանից, մինչդեռ Մոսկվան ձգտում է ՆԱՏՕ-ին պարտադրել կրճատել իր գործողությունները Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում և պնդում է, որ ՆԱՏՕ-ն պետք է մերժի իր կազմում Ուկրաինայի անդամակցությունը:

XS
SM
MD
LG