Մատչելի հղումներ

Ղազախստանի նախագահն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոքաևը չորեքշաբթի օրն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը այն բանից հետո, երբ այստեղ վառելիքի գնի բարձրացման պատճառով բողոքի ցույցեր էին սկսվել, որոնց արդյունքում տուժել է մոտ 100 ոստիկան:

Բախումները վերսկսվեցին չորեքշաբթի օրը նաեւ նախարարների խորհրդի հրաժարականից հետո: Ինչպես Reuters-ի թղթակիցն է տեղեկացրել, հազարավոր ցուցարարներ առաջ են շարժվել դեպի Ալմաթի քաղաքի կենտրոն: Մինչ այդ անվտանգության ուժերին չի հաջողվել կանգնեցնել երթը, չնայած արցունքաբեր գազով նրանց ցրելու փորձերին:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ կառավարությունը տարեսկզբին չեղարկեց հեղուկ գազի գնի վերահսկողությունը: Շատ ղազախներ, գազի գնի պատճառով իրենց մեքենաները փոխակերպել են գազով աշխատող համակարգի:

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ բացի Ալմաթիից, գիշերը հարձակման են ենթարկվել կառավարական շենքերը հարավային Շիմքենթ և Տարազ քաղաքներում: 95 ոստիկան վիրավորվել է բախումների ժամանակ: Ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 200 մարդու։

Ղազախստանը խստորեն վերահսկվող երկիր է, որը զարգացնում է քաղաքական կայունության իմիջ, որպեսզի հարյուր միլիարդավոր դոլարների օտարերկրյա ներդրումներ ապահովի իր նավթի և մետաղների արդյունաբերության մեջ:

Նախագահ Տոքաևը երկշաբաթյա արտակարգ դրություն էր հայտարարել Ալմաթիում և արևմտյան Մանգիստաու նահանգում:

Բողոքի ցույցեր են անցկացվել նաեւ Ղազախստանի մի շարք այլ քաղաքներում:

Տոքաևը երեքշաբթի օրը Twitter-ի միջոցով հայտնել էր, որ կառավարական հանձնաժողովը սկսելու էր աշխատել «երկրում կայունության շահերից ելնելով` լուծումներ գտնելու ուղղությամբ»։

XS
SM
MD
LG