Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հատուկ խորհրդակցություն է հրավիրել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը հրավիրել է դաշինքի դեսպանների և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հատուկ հանդիպում, երբ կողմերն Ուկրաինայի շուրջ առկա հակամարտությունը կանխելու համար փնտրում են ուղիներ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի խոսնակը:

Մտահոգված լինելով Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ռուսական ռազմական ներկայության ավելացմամբ՝ արևմտյան ռազմական դաշինքն արդեն մի քանի ամիս ձգտում է հրավիրել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստ։ 2002 թվականից երկխոսության համար օգտագործվող ֆորումը կասկածի տակ դրվեց հոկտեմբերին լրտեսական սկանդալի պատճառով:

Խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 12-ին Բրյուսելում: Ավելի վաղ` հունվարի 10-ին Ժնևում անվտանգության հարցով բանակցություններ են անցկացնելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները:

Դիվանագիտական բանակցություններին նախապատրաստվելիս` ՆԱՏՕ-ի արտգործնախարարները ուրբաթ օրը տեսակոնֆերանս կանցկացնեն Ստոլթենբերգի նախագահությամբ, ասված է դաշինքի հայտարարության մեջ։

Եվրոպական դիվանագիտության հարցերով ղեկավար Ջոսեպ Բորելը երեքշաբթի օրը երկօրյա այցով մեկնել է Ուկրաինա՝ ընդգծելու համար Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտում ունեցող Կիեւի նկատմամբ Եվրոպայի աջակցությունը:

Մոսկվան երաշխիքներ է պահանջում, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք և կդադարեցնի ռազմական համագործակցությունը Ուկրաինայի և Վրաստանի հետ, որոնք տարածքային վեճեր ունեն Ռուսաստանի հետ։

Մոսկվան նաև հերքում է, որ Ուկրաինա ներխուժելու ծրագրեր ունի և Կիևին է մեղադրում երկրի արևելքում ուժեր կուտակելու մեջ։

«Ռուսաստանի հետ ցանկացած երկխոսություն պետք է հիմնված լինի փոխադարձության վրա, պետք է հաշվի առնվեն ՆԱՏՕ-ի մտահոգությունները Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ... և պիտի տեղի ունենա ՆԱՏՕ-ի եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցելով», - ասել է դաշինքի ներկայացուցիչը:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ ռուս պաշտոնյաները մասնակցելու են Բրյուսելում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հանդիպմանը։

Սպասվում է, որ Բրյուսելում կայանալիք բանակցություններին կմասնակցեն ՌԴ-ի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և Ռուսաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Հունվարի 13-ին բանակցությունները կշարունակվեն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով, որը ներառում է ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին, ինչպես նաև Ռուսաստանը, Ուկրաինան և հետխորհրդային այլ երկրներ:

Բորելը, որը կենտրոնական դեր է խաղացել 2021 թվականին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու դաշինքի ռազմավարության մշակման մեջ, կարծում է, որ «ԵՄ-ն չի կարող չեզոք դիտորդ լինել բանակցություններում, եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է քննարկել եվրոպական անվտանգության կառուցվածքը», ասել է ԵՄ-ի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը Ուկրաինային համարում է «ռազմավարական գործընկեր»։

Այցի ընթացքում Բորելը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի ուղեկցությամբ կայցելի Դոնբասի շփման գիծ։ Սպասվում է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները կքննարկեն իրենց հաջորդ քայլերն այս ամսվա վերջին:

XS
SM
MD
LG