ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները «վճռական պատասխան կտան», եթե Ռուսաստանը շարունակի ներխուժել Ուկրաինա։
Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակել է մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։
«Նախագահ Բայդենը հստակ կերպով տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները խիստ պատասխան կտան, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժել Ուկրաինա», - ասել է Փսաքին երկու նախագահների հեռախոսազրույցից հետո:
Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահին հաստատուն աջակցության համար։ Ուկրաինայի նախագահը Twitter-ում գրել է, որ զրույցի ընթացքում քննարկել են Եվրոպայում խաղաղության պահպանմանն ու հակամարտության հետագա սրումը կանխելուն ուղղված ընդհանուր գործողությունները։ Նա նաև նշել է, որ զրույցը հաստատել է ԱՄՆ-ուկրաինական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։
Բայդենի եւ Զելենսկիի միջեւ զրույցը տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ Ջո Բայդենի զրույցից մեկ օր անց:
Բայդենին չի հաջողվել Պուտինին համոզել, որ նա ուկրաինական սահմանի երկայնքով տեղակայված մոտ 100,000 զինվորականներին հետ քաշի այդ տարածքներից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև 50 րոպե տևած հեռախոսազրույցում Բայդենը հինգշաբթի օրը կրկին զգուշացրել էր Պուտինին, որ ԱՄՆ-ը և նրա արևմտյան դաշնակիցները զգալի տնտեսական պատժամիջոցներ կկիրառեն Մոսկվայի նկատմամբ, եթե Պուտինը ներխուժի Ուկրաինա:
Դեկտեմբերի 31-ին Դելավեր նահանգի Ուիլմինգթոնում ամանորյա միջոցառումների ժամանակ Բայդենը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի նոր ագրեսիվ գործողությունները Ուկրաինայի դեմ կհանգեցնեն կոշտ պատժամիջոցների, որոնք լրջորեն կհարվածեն Ռուսաստանի տնտեսությանը:
Կրեմլն իր հերթին հայտնել է, որ զրույցի ընթացքում Պուտինը Բայդենին ասել է, որ նոր կոշտ պատժամիջոցները կարող են հանգեցնել Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների ամբողջական խզման։
ԱՄՆ-ը Կիևին մատակարարում է զենքեր և զինամթերք, ինչպես նաև Javelin հրթիռներ, որոնք, ըստ նրանց հայտարարությունների, պետք է օգտագործվեն բացառապես պաշտպանական նպատակներով։
«Նախագահ Բայդենը [Պուտինի հետ զրույցում] կրկնել է, որ այս երկխոսություններում զգալի առաջընթաց կարող է տեղի ունենալ միայն դեէսկալացիայի, այլ ոչ թե էսկալացիայի համատեքստում», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին։
Առաջիկա բանակցություններում Ռուսաստանը կպահանջի ՆԱՏՕ-ից՝մերժել Ուկրաինայի անդամակցությունը և նվազեցնել իր ներկայությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել փակ բանակցությունների մանրամասները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո ԱՄՆ ազգային անվտանգության 24 նախկին սպաներից և Ռուսաստանի հարցերով փորձագետներից բաղկացած խումբը (որը ներառում է Օբամայի, Բուշի և Քլինթոնի վարչակազմերի նախկին աշխատակիցների) հայտարարություն է տարածել, որում կոչ է արվում Սպիտակ տան ղեկավարին անհապաղ ներակայացնել այնպիսի պատժամիջոցների ցանկ, որը կկիրառվի Ռուսաստանի նկատմամբ, եթե Կրեմլը նոր ագրեսիա իրականացնի ընդդեմ Ուկրաինայի:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ի մի քանի նախկին դեսպաններ, այդ թվում՝ Ռուսաստանում նախկին դեսպաններ Մայքլ Մաքֆոլը և Ալեքսանդր Վերշբոուն և Ուկրաինայում նախկին դեսպաններ Սթիվեն Փայֆերը և Ջոն Հերբսթը: