Մատչելի հղումներ

Delta և Omicron տարբերակները միասին առաջ են բերում  «դեպքերի ցունամի». ԱՀԿ-ի առաջնորդ


Կորոնավիրուսի Delta և Omicron տարբերակների միաժամանակյա շրջանառությունը «դեպքերի ցունամի» է ստեղծում, չորեքշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

«Delta-ն և Omicron-ը այժմ զույգ սպառնալիքներ են, որոնցով վարակված անձանց թիվը հասել է ռեկորդային մակարդակի, ինչի արդյունքում աճել են հոսպիտալացման եւ մահվան թվերը’’, ասել է նա:

Ըստ ''Ռոյթերս'' գործակալության, Գեբրեյեսուսը կրկնել է պատվաստանյութերն ավելի արդար կերպով միմյանց միջեւ բաժանելու մասին իր կոչը և նախազգուշացրել, որ ավելի հարուստ երկրներում խթանիչ չափաբաժնի վրա շեշտադրումը կարող է աղքատ երկրներին թողնել առանց պատվաստումների առաջին երկու չափաբաժինների:

Ինչպես ‘’Ռոյթերս’’ լրատվական գործակալությունն է նշում, ԱՀԿ-ը այժմ քարոզարշավ է իրականացնում, որպեսզի յուրաքանչյուր երկրում մինչեւ 2022 թվականի կեսերը պատվաստված լինի բնակչության առնվազն 70%-ը: Գեբրեյեսուսի խոսքերով, դա այն նվազագույն ցուցանիշն է, որի դեպքում վերջ կդրվի համավարակի սուր փուլին:

Այս սուր փուլը կարող է ավարտվել հաջորդ տարի, սակայն կորոնավիրուսը չի անհետանա, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարներից Մայք Ռայանը։

«Այն հավանաբար կվերածվի ցածր մակարդակի փոխանցման վարակի, երբեմն բռնկումներ առաջ բերելով չպատվաստված բնակչության շրջանում», - ասել է Ռայանը լրագրողներին:

Ըստ Reuters-ի տվյալների, հիվանդության տարածումից հետո անցած երկու տարիներին աշխարհում ավելի քան 281 միլիոն մարդ վարակվել է նոր կորոնավիրուսով, որոնցից ավելի քան 5 միլիոնը զոհ են գնացել քովիդ 19 հիվանդությանը:

XS
SM
MD
LG