Մատչելի հղումներ

Իրանը մարտական զորավարժություններով նախազգուշացնում է Իսրայելին


Այս շաբաթ Իրանի կողմից Պարսից ծոցում անցկացված պատերազմական խաղերը նպատակ ուներ նախազգուշացում ուղարկել Իսրայելին: Այս մասին, ըստ Reuters լրատվական գործակալության, ուրբաթ օրը հայտարարել են Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարները, երբ կան Իրանի միջուկային հաստատությունները Իսրայելի կողմից թիրախավորելու շուրջ մտավախություններ:

Հեղափոխության պահապանների մարտական խաղերը, որոնք ներառում էին բալիստիկ և թեւավոր հրթիռների արձակում, ավարտվել են ուրբաթ օրը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտնել է, որ միաժամանակ արձակվել է տարբեր կարգի բալիստիկ 16 հրթիռ, ոչնչացվել են կանխորոշված թիրախներ։

«Այս զորավարժությունները շատ հստակ ուղերձ ունեին. լուրջ, իրական նախազգուշացում սիոնիստական վարչակարգի իշխանություններին զգուշանալ իրենց սխալներից», - պետական հեռուստատեսության եթերում ասել է պահակախմբի ղեկավար գեներալ Հոսեյն Սալամին:

«Մենք կկտրենք նրանց ձեռքերը, եթե սխալ քայլ կատարեն... Բուն գործողությունների և զորավարժությունների միջև հեռավորությունը միայն հրթիռների արձակման անկյունների փոփոխությունն է»,- հավելել է նա։

Իրանն ասում է, որ իր բալիստիկ հրթիռներն ունեն 2000 կմ հեռահարություն և կարող են հասնել Իսրայելի և տարածաշրջանի ամերիկյան բազաներին:

Reuters-ը հիշեցնում է, որ Իսրայելը, որը դեմ է Իրանի 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված համաշխարհային տերությունների ջանքերին, վաղուց է սպառնում ռազմական գործողություններով, եթե դիվանագիտությունը ձախողվի:

Իրանն ասում է, որ իր միջուկային ծրագրերն ունեն զուտ խաղաղ նպատակներ:

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը կոչ է արել համաշխարհային տերություններին թույլ չտալ, որ Իրանը բանակցությունների ընթացքում խաղա ժամանակի վրա:

Հիշեցնենք, որ բանակցություններն ընդմիջվել են Իրանի խնդրանքով, և նախատեսվում է գործընթացը վերսկսել հաջորդ երկուշաբթի:

Ըստ որոշ տեղեկությունների, Մերձավոր Արեւելքում Իսրայելը համարվում է միջուկային զինանոց ունեցող միակ երկիրը:

XS
SM
MD
LG