Սպիտակ տունը հայտարարում է, որ նախագահ Ջո Բայդենը շարունակում է ստանալ Covid-19-ի համար տրված թեստերից բացասական պատասխան:
Վերջին թեստը տրվել է իր աշխատակազմում վիրուսով վարակված անդամներից մեկի հետ շփումից հինգ օր անց:
Սպիտակ տան նշված աշխատակիցը ուրբաթ օրը մոտ 30 րոպե գտնվել է «Air Force One» նախագահական օդանավում, երբ նախագահը հարավային Կալիֆոռնիայից ուղեւորվում էր դեպի Ֆիլադելֆիա: Ըստ Reuters գործակալության, այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին:
Բայդենի թեստը բացասական է եղել վիրուսակրի հետ նույն օդանավում գտնվելուց երեք օր անց: Բացասական է եղել նաեւ ՊՇՌ թեստի պատասխանը:
Ըստ Reuters-ի, Սպիտակ տան պաշտոնյան եղել է լիովին պատվաստված, ինչպես նաեւ ստացել է խթանիչ չափաբաժինը եւ բացասական թեստի արդյունք է ցույց տվել նախքան «Air Force One» նախագահական օդանավով ուղեւորվելը:
Ինչպես Փսաքին է ասել, վերջինիս մոտ հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել միայն կիրակի օրվանից: