Մատչելի հղումներ

Վստահ եմ, որ հաղթահարելու ենք քովիդ հիվանդության մարտահրավերը’’. Նախագահ Ջո Բայդեն


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասում է, թե քովիդ 19 հիվանդության օմիկրոն ենթատեսակի դեմ պայքարում ունի երեք գործիք:

Վարչակազմը պատրաստվում է ավելացնել հիվանդանոցային ծառայությունները, կես միլիարդ դոլար հատկացնել նոր թեստավորումների համար եւ զարկ տալ պատվաստման գործընթացին:

«Պատվաստումների չենթարկված անձինք անհանգստանալու լուրջ պատճառ ունեն: Իսկ հիվանդանալու դեպքում վարակելու եք նաեւ ձեր շրջապատի մարդկանց ու ընտանիքներին:

Չպատվաստվածները հիվանդանոցում հայտնվելու կամ նույնիսկ մահանալու զգալիորեն ավելի մեծ ռիսկի տակ են», ասել է Բայդենն ու ավելացրել, որ գրեթե բոլոր անձինք, ովքեր վերջին ամիսներին մահացել են COVID-19-ից, պատվաստված չեն եղել:

Բայդենը խոստովանել է, որ ամերիկացիների մոտ 40%-ը լիովին պատվաստված չեն:

Նա կոչ է արել նրանց չընկնել որոշ կաբելային հեռուստաալիքների եւ սոցիալական ցանցերի կողմից տարածվող ապատեղեկատվության ազդեցության տակ: ‘’Հիշեք, այդ ընկերությունները, ստեր տարածելով, փող են աշխատում, ինչի արդյունքում մահանում են նրանք, ովքեր հավատալով այդ ստերին, հրաժարվում են պատվաստումներից’’, ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Երրորդ` խթանիչ չափաբաժինն է ստացել նաեւ պատվաստումների դեմ սուր խոսքերով հանդես եկած նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: ‘’Եվ այսօր սա այն միայն մի քանի հարցերից մեկն է, որոնց շուրջ համամիտ եմ Թրամփի հետ’’, ասել է Բայդենը:

Առողջապահական կազմակերպություններն այսօր տեղեկացնում են, որ մինչեւ տարեվերջ աշխարհի բնակչության 40%-ին պատվաստելու նպատակը կարծես թե չի կարող իրականանալ, ինչի արդյունքում ցածր եկամուտ ունեցող երկրներից տասնամյակներ կպահանջվի պատվաստումների անհրաժեշտ մակարդակին հասնելու համար:

Բայդենն ասել է, թե գիտի, որ ժողովուրդը հոգնել է այս ամենից: ‘’Սակայն բոլորս ենք ուզում, որ այս ամենն ավարտվի’’, ասել է նա ու եզրափակել. ‘’Այսօր վճռական պահ է, բայց այսօր ունենք ավելի լայն հնարավորություններ այս վարակի դեմ պայքարելու համար, քան նախկինում’’:

‘’Ես վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք այս մարտահրավերը’’, ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

XS
SM
MD
LG